ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի վրա պատժամիջոցային ճնշումն աճում է, ամեն օր սահմանափակող միջոցների նոր փաթեթներ են մտցվում։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը փոխվարչապետների հետ խորհրդակցության ժամանակ:
«Ամեն օր ԱՄՆ-ն, Եվրամիության երկրները, մի շարք այլ պետություններ նոր սահմանափակող միջոցների փաթեթներ են ներդնում։ Ինչպես ասել է նախագահը (Վլադիմիր Պուտինը,–խմբ.)` ոչ բարեկամական գործողություններ են իրականացնում»,- ասել է նա։
Ռուսաստանի վարչապետի խոսքով՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը սպասելի էր. ՌԴ իշխանությունները վաղուց պատրանքներով չեն ապրում։
«Ինչ պատճառներ էլ հրապարակային հնչեն` դրանց գլխավոր նպատակը այս կամ այն ուղղությամբ վնաս հասցնելն է։ Մենք մի շարք որոշումներ ենք պատրաստել և ընդունել, որպեսզի առավելագույնս մեղմացնենք հետևանքները թե՛ տնտեսության, թե՛ մարդկանց համար՝ և՛ դրամական միջոցների շարժի, և՛ ներկրվող բաղադրիչների փոխարինման նախագծերի զարգացման մասով»,- ասել է Միշուստինը։
Կառավարության ղեկավարը գործընկերներին կոչ է արել օպերատիվ արձագանքել փոփոխություններին, գործել ակտիվ, արդյունավետ, առանց խափանումների և կատարել բոլոր անհրաժեշտ պլանները:
«Իրավիճակը պետք է վերահսկել յուրաքանչյուր ուղղությամբ իրական ժամանակի ռեժիմով», - հավելել է ՌԴ վարչապետը:
Նա նաև նշել է, որ պետք է շարունակել կատարել ՌԴ նախագահի հանձնարարականները:
«Բոլոր որոշումները դրա համար ընդունվել են»,- նշել է Միշուստինը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հրամանագրեր է ստորագրել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու մասին, որոնք դեռևս 2014 թվականին հայտարարել էին Կիևից անկախանալու մասին, իսկ ընթացիկ տարվա փետրվարի 24-ին Ռուսաստանը սկսեց Ուկրաինայի ապառազմականացման գործողությունը:
Ի պատասխան արևմտյան երկրները 2014 թվականից ի վեր հերթական հակառուսական պատժամիջոցներն են սահմանել։ ԵՄ շատ երկրներ հայտնել են ռուսական ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշման մասին։
ՌԴ-ն ի պատասխան փետրվարի 25-ից սահմանափակել է իր օդային տարածքը Մեծ Բրիտանիայի հետ կապված թռիչքների համար: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ Արևմուտքի պատժամիջոցները շատ լուրջ են, Ռուսաստանը դրան նախապես է պատրաստվել։ Նա հավելել է, որ դրանց վերաբերյալ պահանջվում է գերատեսչությունների վերլուծություն և համակարգում, որպեսզի պատասխան միջոցներ մշակեն, որոնք համապատասխանում են ՌԴ շահերին: