ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Ղազախստանից և Ուզբեկստանից հետո Հայաստանը երրորդ երկիրն է, որտեղ արտասովոր ցուցահանդես է բացվել` ցուցասրահում կներկայացվեն Ռյազանի արտադրողների ապրանքներն ու ծառայությունները։ Կազմակերպիչները, ինչպես նաև Ռյազանի մարզի ներկայացուցիչները համոզված են. այս ցուցահանդեսը խթան կհանդիսանա Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացման համար։
Շարժական ցուցասրահը Երևանի էքսպոկենտրոնում կգործի երկու ամիս։ Հայկական բիզնեսն այդ ընթացքում կկարողանա անմիջական կապ հաստատել ռյազանցի գործարարների հետ։ Դրա համար ստեղծվել են բոլոր պայմանները. սկզբում կարելի է այցելել ցուցահանդես, ծանոթանալ արտադրանքին, այնուհետև կապ հաստատել այն ընկերության հետ, որի արտադրանքը ձեզ հետաքրքրել է։
Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն սա աննախադեպ հնարավորություն է համարում։
Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկո
© Sputnik / Asatur Yesayants
«Սա աննախադեպ է, երբ երկու ամիս հնարավորություն կա տեսնելու, շոշափելու, զգալու, շփվելու բիզնեսի հետ ոչ միայն ցուցահանդեսի ընթացքում, այլև ընկերական ձևաչափով», – ցուցահանդեսի բացմանն ասել է Դոնչենկոն։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական, ռազմավարական, խոշորագույն տնտեսական գործընկերը։ Դոնչենկոն վստահ է, որ այս հարթակը խթան կդառնա նոր կապերի հաստատման համար։
2021 թվականին Հայաստանի և Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է 2 մլրդ 630 մլն դոլար, ինչը 2020 թվականից գրեթե 21%-ով ավելի է։ Այս գումարի մոտ 1/3-ը կամ 847 մլն դոլարը կազմում է Հայաստանից արտահանումը, 2/3-ը` Ռուսաստանից ներմուծումը։
Ի՞նչ են բերել
Ցուցասրահում ներկայացված է 62 ընկերություն, Երևան ժամանել են դրանցից 16-ի ղեկավարները։ Տարբեր ոլորտներ են ներկայացված. շինարարություն, բժշկություն, ՏՏ, կրթություն։ Ապրանքների տեսականին էլ փոքր չէ. HoReCa–ի ոլորտի համար նախատեսված ջերմային սարքավորումներից մինչև շինարարության մեջ օգտագործվող մետաղներ։
Ռյազանյան արտադրանքի ցուցահանդեսում
© Sputnik / Asatur Yesayants
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Ռյազանի մարզի կառավարության փոխնախագահ Արտյոմ Նիկիտինը նշեց, որ ապրանքների ներկայացված խումբը պատահական չի ընտրվել։ Ցուցահանդեսը կազմակերպելուց առաջ ուսումնասիրվել են հայկական բիզնեսի հետաքրքրությունները։
«Այստեղ ներկայացված է այն, ինչը հետաքրքիր կլինի բիզնեսին։ Հույս ունենք, որ ցուցասրահը էլ ավելի արդյունավետ և արագ կխթանի երկու երկրների տնտեսության զարգացումը», – ասել է Նիկիտրինը։
Ըստ նրա` այս նախաձեռնությունը առաջին քայլն է Ռյազանի և Հայաստանի բիզնեսների միջև փոխգործակցությունը զարգացնելու համար։ Սա հզոր մեկնարկ ու ավելի սերտ համագործակցության սկիզբ կդառնա։
Ռյազանյան արտադրանքի ցուցահանդեսում
© Sputnik / Asatur Yesayants
Նիկիկտինն ընդգծեց, որ Ռյազանի մարզը ևս բաց է հայկական բիզնեսի համար։ Եթե հայկական ընկերություններն առաջարկներ ունենան հետաքրքիր ապրանքների գծով, Ռյազանի գործարար հատվածը պատրաստ է ուսումնասիրել ցանկացած առաջարկ և ապրանքներ գնել ռուսական շուկայի համար։
Իսկ Հայաստա՞նը
Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի փոխտնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Իվանովը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ ռուսական շուկային Հայաստանը հետաքրքիր է վերամշակող արդյունաբերության արտադրանքով և սննդամթերքով։ Նա նշեց, որ ներկա պահին խնդիր է դրված ընդլայնելու փոքր և միջին բիզնեսի արտադրության ծավալները։
Ռյազանյան արտադրանքի ցուցահանդեսում
© Sputnik / Asatur Yesayants
Նա հույս ունի, որ Ռյազանի արտահանման ներուժը ներկայացնող ցուցահանդեսի ընթացքում մի շարք համաձայնագրեր կկնքվեն։ Նրա խոսքով` Ռյազանի մարզում լայնածավալ արտադրություններ են ներկայացված, որոնք ընդգրկում են տնտեսության գրեթե բոլոր ոլորտները։
Նմանատիպ ցուցահանդես է կազմակերպվելու Ռուսաստանի և Ղազախստանի քաղաքներում, ինչպես նաև Մինսկում։ Իվանովի խոսքով` եթե 5 տարի առաջ հայկական շուկայում Ռյազանի 5-7 ձեռնարկություն էր ներկայացված, ապա այսօր դրանց թիվը հասել է 62-ի։
Ռյազանյան արտադրանքի ցուցահանդեսում
© Sputnik / Asatur Yesayants
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը լրագրողների հետ զրույցում դրական է գնահատել Երևանում նման ցուցահանդես կազմակերպելու գաղափարը։ Ըստ նրա` միջոցառման նպատակը ծանոթացումն է Ռյազանի տնտեսական ներուժի հետ, որից կարող է օգտվել հայկական բիզնեսը։
Ռյազանի մարզի կառավարության փոխնախագահ Արտյոմ Նիկիտին
© Sputnik / Asatur Yesayants
«Ցուցահանդեսը թույլ կտա ավելի ակտիվ շփվել Հայաստանի և Ռյազանի բիզնես համայնքներին», – ասել է Տերտերյանը։
Նրա խոսքով` հայկական կողմը պետք է հասնի Ռյազանի և հայաստանյան մարզերից մեկի միջև հուշագրի, իսկ հետագայում նաև պայմանագրի ստորագրման։ Նա հիշեցրել է, որ Հայաստանը ներկա պահին մարզերի համաչափ զարգացման քաղաքականություն է իրականացնում։ Այդ նպատակով իշխանությունները մասնավոր հատվածն ակտիվացնելուց բացի կարևոր են համարում գործարար հնարավորությունների խրախուսումը և գործարար կապերի ստեղծումը։
Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի փոխտնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Իվանով
© Sputnik / Asatur Yesayants
Նա նշել է ցուցահանդեսի առանձնահատկությունը. մի ամբողջ մարզ ներկայացրել է սեփական հնարավորությունները։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարը նշել է նաև, որ Ռյազանի մարզում ակտիվ է հայկական բիզնեսը, բացի այդ, Ռուսաստանի այդ մարզը հետաքրքիր է Հայաստանին լոգիստիկայի առումով։
Տերտերյանը նշել է, որ Ռյազանում, ներկայացված արտադրանքից բացի, զարգացած է ՏՏ ոլորտը, ժամանակակից արտադրություն կա։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյան
© Sputnik / Asatur Yesayants
Ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա մենք կարող են ռուսական շուկային հետաքրքրել վերամշակող և սննդի արդյունաբերության արտադրանքով, շինանյութերի արտադրությամբ և ՏՏ ոլորտի մշակումներով։