ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կլանքի հարցով Վերաքննիչ դատարանի նիստն այսօր հետաձգվել է` առանց բուն հարցի քննարկմանը հասնելը։ Այս մասին դատական նիստի ավարտին լրագրողներին հայտնեց փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը` հավելելով, որ իրենք մտադիր էին նաև դատավորի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել, բայց դա ևս չեն հասցրել անել։
«Մինչ դատավորի ինքնաբացարկի հարցը քննարկելը պաշտպանության կողմը հարց բարձրացրեց, թե ինչ կարգով է տեղի ունեցել գործի մակագրությունը, այսինքն` գործի նյութերում ինչ տեղեկություններ են առկա` մակագրության հետ կապված։ Ընդամենը մի հատ թերթիկ էր, որի վրա «պտիչկա էր արված»,– ասաց Հովհաննիսյանը։
Արդյունքում, ըստ փաստաբանի`դատական նիստը հետաձգվել է գործերի մակագրման օրինականության ու այդ հիմքով դատարանի օրինական լինելու, դատավորին ինքնաբացարկ հայտնելու հիմքերը պարզելու նպատակով։
Հիշեցնենք` պաշտպանության նախկին նախարարն ու զենքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանը, ինչպես նաև նախկին և գործող մի շարք այլ բարձրաստիճան զինվորականներ, որոնց թվում՝ Գլխավոր շտաբի արդեն նախկին պետ Արտակ Դավթյանը, մեղադրվում են ոչ պիտանի ավիացիոն հրթիռներ գնելու ու 4,6 միլիոն դոլար յուրացնելու համար: Վերջինս ազատության մեջ է, сեպտեմբերի 30-ից Տոնոյանն ու Գալստյանը կալանավորված են։
Գործով առաջին դատական նիստը տեղի է ունեցել 2022–ի հունվարի 24-ին։ Դրա ընթացքում պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել Տոնոյանին, Գալստյանին ու մյուսներին կալանքից ազատելու վերաբերյալ` նշելով, որ այս փուլում նրանց ճաղերի հետևում պահելու որևէ պատճառ չկա: Դատարանն այդ փաստարկներին ականջալուր չի եղել և թողել է նրանց քննչական մեկուսարանում։ Մյուս նիստը նշանակվել է փետրվարի 4-ին, սակայն այն չի կայացել դատավորի առողջական խնդիրների պատճառով։
Փաստաբանները նաև վերաքննիչ բողոք էին ներկայացրել՝ բողոքարկելով առաջին ատյանի դատարանի՝ իրենց պաշտպանյալներին կալանքի տակ թողնելու որոշումը։