Մեկնարկել է ռուս-ուկրաինական բանակցությունների եզրափակիչ փուլը

Մեկնարկել է ռուս-ուկրաինական բանակցությունների եզրափակիչ փուլը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. Բելառուսի Գոմելի մարզում րոպեներ առաջ սկսվեց ռուս-ուկրաինական բանակցությունների 3-րդ փուլը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են դիվանագիտական շրջանակներից։
«Հենց նոր մտան, սկսվեց բանակցությունների երրորդ փուլը, ենթադրաբար դա եզրափակիչը կլինի»,-ասել են գործակալությանը։
Աղբյուրը ճշտել է, որ ավելի քան 4 ժամ ձգված բանակցությունների ընթացքում երկու ընդմիջում է եղել։
Բանակցություններում Մոսկվան ներկայացնում են նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին ու Բելառուսում Ռուսաստանի դեսպան Բորիս Գրիզլովը։
Կիևը ներկայացնում են պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը, խորհրդարանի «Ժողովրդի ծառա» խմբակցության անդամ Դավիթ Արախամիան, փոխարտգործնախարար Նիկոլայ Տոչիցկին, նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, Գերագույն ռադայի պատգամավոր Ռուստեմ Ումերովը, Եռակողմ կոնտակտային խմբում Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի տեղակալ Անդրեյ Կոստինը։
Բանակցությունների անհրաժեշտության մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել էր դեռ փետրվարի 24-ին՝ միաժամանակ առաջարկելով դրանք անցկացնել Մինսկում։ Նույն օրվա երեկոյան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնություն հայտնեց բանակցել չեզոք կարգավիճակի վերաբերյալ, սակայն ավելի ուշ հրաժարվեց հանդիպումը Բելառուսում անցկացնելուց։
Դրան հաջորդեց Լուկաշենկոյի հեռախոսազրույցը Զելենսկու հետ, որից հետո Ուկրաինան այնուամենայնիվ համաձայնեց բանակցությունների համար ժամանել Գոմելի մարզ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։