ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Եթե Մեծ Բրիտանիայում արգելվեն RT հեռուստաալիքի հեռարձակումները, ապա դա, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի Ռուսաստանում BBC-ի արգելափակման, ինչը անցանկալի է։ Նման հայտարարություն է արել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք ուսումնասիրում ենք, թե ինչ կարելի է անել RT-ի հետ, բայց իրականությունն այն է, որ եթե մենք արգելենք RT-ի հեռարձակումը Մեծ Բրիտանիայում, ամենայն հավանականությամբ` դա կհանգեցնի BBC-ի հեռարձակման արգելքին Ռուսաստանում, բայց մենք ցանկանում ենք, որ ռուս ժողովուրդն իմանա ճշմարտությունը, թե ինչ է անում Վլադիմիր Պուտինը, ուստի մենք պետք է զգույշ լինենք այս հարցում»,- ասել է Թրասը։
Նա այսպես է արձագանքել պատգամավորի այն բողոքներին, որ RT-ն իբր ստեր է տարածում, և այն ու Sputnik գործակալությունն արդեն արգելված են եվրոպական որոշ երկրներում՝ որպես Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դրանից հետո հայտարարեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին։
Փետրվարի 24–ին ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ սահմանեց ռուսական մի քանի բանկերի դեմ։ Պատժամիջոցների մասին են հայտարարել նաև Կանադան, Մեծ Բրիտանիան, Եվրամիությունը։ Պատժամիջոցներ կկիրառեն նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի դեմ։