Ինչո՞ւ է թանկանում բենզինը. տնտեսագետի դիտարկումները

Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արմեն Քթոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է բենզինի թանկացման նախադրյալներին։
Sputnik
Բենզինի թանկացման համար կարող են տարբեր պատճառներ լինել, առաջին հերթին` Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների անկայունության ֆոնին։ Տնտեսվարողները փորձում են այդ կերպ կանխել ապագա հնարավոր շահույթի նվազումն ու կառավարել ռիսկերը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Արմեն Քթոյանը։
Նրա խոսքով` հաշվի առնելով այն սահմանափակումները, որոնք կիրառվում են Ռուսաստանի նկատմամբ (որտեղից կատարվում է հիմնական մատակարարումը), չի բացառվում, որ ներմուծող ընկերությունները մտավախություն ունեն լոգիստիկ շղթաների որոշակի խափանումների հետ կապված, հետևաբար այդ կերպ ևս փորձում են իրենց նախապես ապահովագրել։

«Մյուս կողմից` տեղի տնտեսվարողների կողմից միշտ էլ հավելյալ շահույթ ստանալու նպատակով գների կամայական բարձրացում իրականացնելու փորձեր կարող են արվել։ Թեև բենզինի շուկան գնալով ավելի մրցակցային է դառնում, բայց նույնիսկ այդ պարագայում գերշահույթ ստանալու ակնկալիք, առավել ևս` տևական ժամանակահատվածում, դժվար թե լինի։ Ավելի շատ խոսք է գնում ապահովագրության կամ տնտեսվարողների պատկերացումների շրջանակում ռիսկերի կառավարման մասին»,– ասաց տնտեսագետը։

Քթոյանի խոսքով` նման իրավիճակը երկար տևել չի կարող, քանի որ ռուբլու արժեզրկման պայմաններում ներմուծվող բենզինը որոշակիորեն կէժանանա, ինչը մեզ մոտ ևս գների նվազման ուղղությամբ ազդեցություն կունենա։
Տնտեսագետի դիտարկմամբ` վառելիքի միջազգային շուկայում գների տատանման ազդեցությունը Հայաստանի նման երկրների վրա միանգամից զգացվում է, որովհետև նավթի միջազգային գնի աճը Հայաստանում կբերի նաև բենզինի գների ավելացման և դրա պատճառահետևանքային կապը ներկրող ընկերությունները տեսնում են, հետևաբար չեն սպասում թանկացմանը, այլ փորձում են կանխարգելիչ քայլեր իրականացնել։
Ի՞նչ է կատարվում բենզինի շուկայում, ու ինչքա՞ն կտևի «ժամանակավոր» էժանացումը
Նշենք, որ Հայաստանում բենզինի գինը հունվարին էժանացել էր 4-8 տոկոսով։ Հայաստանյան բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինը հունվարի 6-ից սկսած 540 դրամից նվազել էր մինչև 500, որոշ տեղերում` 490, անգամ` 480 դրամ, պրեմիում տեսակինը՝ 540-ից 510-520 դրամ։
Վերլուծաբանների համոզմամբ` նավթի գնի փոփոխությունը ՕՊԵԿ+ (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) անդամ երկրների միջև հունվարի 4-ին կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունք էր։