ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Վրաստանի կառավարությունը զգուշությամբ է վերաբերվում Ռուսաստանի համար օդային տարածքը փակելու թեմային։ Այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար, փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլին
Նախարարը նշել է, որ Վրաստանի իշխանություններն ուշադիր հետևում են իրավիճակին, ինչպես նաև նշել է, որ Վրաստանի և ՌԴ–ի միջև օդային, ինչպես նաև անմիջական ցամաքային հաղորդակցություն չկա։
«Տվյալ դեպքում խոսքը միայն Վրաստանով տարանցման մասին է։ Երբ մեր հարևանների, այդ թվում բարեկամական երկրների համար, ամբողջովին փակ են եվրոպական ուղղությունները, Վրաստանով թռիչքները կարող են Ռուսաստանի հետ հաղորդակցության միակ տարբերակը լինել։ Խոսքը մարդասիրական ուղղության մասին է։ Այդ թվում Ռուսաստանում բնակվող Վրաստանի քաղաքացիները, որոնց թիվը հասնում է մինչև 1 միլիոնի, օգտագործում են տարանցիկ ճանապարհները Վրաստան հասնելու համար։ Մենք մի փոքր զգուշավորությամբ ենք վերաբերվում այդ հարցին, խորհրդակցում ենք գործընկերների, այդ թվում տարածաշրջանի երկրների հետ», – նշել է Դավիթաշվիլին։
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կրկին հայտարարել էր, ՌԴ–ի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելը հակասում է երկրի ազգային շահերին և չի կարող կանգնեցնել Ուկրաինայում ընթացող մարտական գործողությունները։