Հայաստանի բանկերը ռուբլով գործարքները չեն սահմանափակում. ՀՀ ԿԲ

Ռուսական ռուբլի
Ստեղծված իրավիճակից օգտվելով` Հայաստանի բանկերը էժան ռուբլի են գնում ու թանկ վաճառում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Հայաստանի բանկերում ռուբլու բոլոր արտարժութային գործարքներն իրականացվում են առանց սահմանափակումների։ Ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման հայտնեցին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։
«Ոչ մի սահմանափակում չկա, ՀՀ Կենտրոնական բանկը սատարում է ազատ արտարժույթի շուկայի քաղաքականությանը»,- հայտնում է մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ «Ադրբեջանի միջազգային բանկ» ԲԲԸ-ն (ABB) սահմանափակել էր ինտերնետ բանկերի միջոցով ռուսական ռուբլու հետ արտարժույթով կանխիկ և անկանխիկ գործարքները: Այս որոշման պատճառն, ըստ այդ երկրի պաշտոնական մեկնաբանության, ռուսական ռուբլու անկայուն փոխարժեքն է։

Նշենք, որ այսօր՝ փետրվարի 28-ին, ռուսական ազգային արժույթի պաշտոնական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հայաստանյան բանկերում փետրվարի 26-ի համեմատ նվազել է 0,03 դրամով և մնում է միջինը 5,7 դրամի մակարդակում։

Հատկանշական է, որ այսօր առավոտից որոշ բանկերում ռուսական ռուբլու առքի ռեկորդային ցածր մակարդակ է սահմանվել։ Որոշ բանկերում այն կազմում է 2 դրամ 1 ռուբլու դիմաց, իսկ, օրինակ «Զվարթնոց» օդանավակայանի փոխանակման կետում ռուսական 1 ռուբլին գնվում է 1.5 դրամով։
Հետաքրքրական է, որ այս անկման ֆոնին ռուբլու վաճառքի մակարդակը բանկերը շարունակում են հարաբերական բարձր պահել։ Ամենացածր փոխարժեքն այսօր գրանցվել է 5.11 դրամի սահմանում, ամենաբարձրը` 6.5։ Ընդ որում, վաճառքի փոխարժեքը շաբաթ– կիրակի ոչ միայն չի նվազել, այլև ավելացել է 0.01 դրամով։
Ռուսական ռուբլու փոխարժեքը ՀՀ դրամի նկատմամբ հայաստանյան բանկերում 28.02.22-ի դրությամբ
Այս կերպ, փաստորեն, ստեղծված իրավիճակից օգտվելով, Հայաստանի բանկերը էժան ռուբլի են գնում ու թանկ վաճառում։
Հիշեցնենք, որ Ուկրաինայում ՌԴ ռազմական հատուկ գործողությունների պատճառով ԵՄ–ն տնտեսական սահմանափակումներ է կիրառել Ռուսաստանի նկատմամբ, որոնց ֆոնին ռուսական արժույթն ու բաժնետոմսերն ամբողջ աշխարհում կտրուկ անկում են գրանցում։
Սահմանափակումների թվում նաև ռուսական բանկերի նկատմամբ պատժամիջոցներն են։ Ֆինանսական կազմակերպությունների արտաքին ակտիվները սառեցվել են, արտաքին փոխանցումները`արգելվել։