ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. Երևանի բոլոր երթուղիներում «Zhong Tong» մակնիշի ավտոբուսների շահագործման հանձնումը կավարտվի մինչև 2022 թվականի մայիսի 1-ը, Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտնեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը:
«Եվս երկու երթուղի, որոնք նախկինում սպասարկվում էին միկրոավտոբուսներով, մարտի 1-ից կանցնեն նոր տրանսպորտային միջոցների», - ասաց նա:
Ավտոբուսները վերջնականապես շահագործման կհանձնվեն մինչև ընթացիկ տարվա մայիսի 1-ը: Այսպես` ապրիլի 1-ից և մայիսի 1-ից դրանք կսկսեն ևս երկուական երթուղային գիծ սպասարկել։
Երևանի քաղաքապետարանը 2022 թվականին նախատեսում է գնել 200 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ 100 հատ մեծ 12 մետրանոց ավտոբուս ու 100 հատ 8,5 մետրանոց:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը գործարկվեց տարբեր երթուղիներում։ Դեկտեմբերի 13-ին ավտոբուսների վարորդների մի խումբ գործադուլ արեց` պահանջելով բարձրացնել աշխատավարձն ու բարելավել աշխատանքային պայմանները։
Քաղաքապետարանը վարորդների գործադուլը «սաբոտաժ» անվանեց, իսկ «Երևան ավտոբուս» ընկերության տնօրեն Էլբակ Թարփոշյանը աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրեց: Սակայն Հայկ Մարությանի՝ քաղաքապետի պաշտոնից հեռանալուց հետո նա հետ վերցրեց դիմումը։