ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Ժնև՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստին և զինաթափման խորհրդաժողովին, չեղարկվել է։ Տեղեկությունը հայտնել է ՌԻԱ Նովոստիի Ժնևի աղբյուրը։ ՌԴ ԱԳՆ ղեկավարի այցը Ժնև նախատեսված էր մարտի 1-ին։
«Ռոսիա-1»-ի հեռուստաալիքի «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի եթերում Մարիա Զախարովան ասել է, որ ՄԱԿ-ը չի կարող ապահովել Սերգեյ Լավրովի գլխավորած ռուսական պատվիրակության ժամանումը Ժնև՝ Զինաթափման հանձնաժողովի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստին մասնակցելու համար։
«Հաշվի առնելով, որ այժմ մեզ սահմանակից եվրոպական երկրները փակել են երկինքը ռուսական ինքնաթիռների համար, ապա այն օդանավը, որով ռուսական պատվիրակությունը երեքշաբթի պետք է ժամաներ Ժնև՝ մասնակցելու Զինաթափման հանձնաժողովի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստին, չի կարող գնալ, պատվիրակությունը գլխավորում է արտգործնախարար Սերգեյ Լավրովը»,- հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Փետրվարի 28-ից Եվրամիությունն արգելել է ռուսական ինքնաթիռներին թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել իր տարածքով։
Նշվում է, որ այս պահանջը վերաբերում է բոլոր օդանավերին, որոնք շահագործվում են Ռուսաստանում գրանցված ռուսական ավիափոխադրողների կողմից։ Որոշումը վերաբերում է նաև այն ինքնաթիռներին, որոնք գրանցված չեն Ռուսաստանում, բայց որևէ կերպ վերահսկվում են ռուսական ֆիզիկական կամ իրավաբանական անձի կամ կազմակերպության կողմից: