ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովում ՀՀ նախագահի ընտրության հարցը կքննարկվի մարտի 2–ին կայանալիք նիստում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հարցը կքննարկվի առաջին հիմնական նիստում:
Հիշեցնենք` ՀՀ նախագահի պաշտոնում ներկայացված միակ թեկնածուն իշխող քաղաքական ուժի կողմից առաջադրված ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանն է:
Հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ չի կարողանում օգտագործել իր ներուժի գերակշիռ մասը ի նպաստ համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների լուծման:
Փետրվարի 1-ին պաշտոնապես հայտարարվեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ՀՀ նախագահի պաշտոնում կառաջադրեն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը: