ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Միջազգային մասնագիտացված կազմակերպությունները, այդ թվում ՄԱԿ-ի համապատասխան կառույցները, պետք է կարողանան առանց խոչընդոտների մուտք գործել Արցախ ու հումանիտար առաքելություններ իրականացնել։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այս մասին ասել է ՄԱԿ–ի Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայային, որի հետ հանդիպել է ՄԱԿ–ի Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստի շրջանակներում, հայտնում է ԱԳՆ–ի մամուլի ծառայությունը։
ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայայի հետ։
© Photo : official site of MFA of RA
Հանդիպման ընթացքում Միրզոյանն անդրադարձել է Արցախում 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Այս համատեքստում նա կարևորել է Արցախումբնակչության հիմնարար իրավունքների և ազատությունների լիարժեք իրացման համար անհրաժեշտ պայմանների և միջազգային աջակցության հասանելիության ապահովումը։
Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել Հայաստանի և ՄԱԿ Ժնևյան գրասենյակի միջև արդյունավետ համագործակցության կապակցությամբ։ Արարատ Միրզոյանը կարևորել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի գործունեությունը՝ ընդգծելով Հայաստանի՝ որպես խորհրդի անդամ երկրի հանձնառությունը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանն ու խթանմանը, ինչպես նաև ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը։
Նշենք, որ այսօր ավելի վաղ ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում իր ելույթում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել էր, որ հրադադարի հաստատումից 16 ամիս անց Ադրբեջանը շարունակում է պահել 38 հայ ռազմագերիների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց։
Բացի այդ Միրզոյանը հավելել էր, որ Հայաստանը մտադիր է խորհրդի այս նստաշրջանում կրկին ներկայացնել Ցեղասպանության կանխարգելման մասին բանաձևի նախագիծը. սա մի օրակարգ է, որը Հայաստանը տարիներ շարունակ առաջ է մղում։