Ուկրաինան կբանակցի Ռուսաստանի հետ. հանդիպումը կկայանան Բելառուսի Գոմելի շրջանում

ՌԴ պատվիրակությունը, որը ժամանել Է Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցություններին՝ ՌԴ բանակցողների պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին (աջից), ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, ՌԴ ՊՆ փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը և Դոնբասի իրադրության կարգավորման կոնտակտային խմբում ՌԴ-ի ներկայացուցիչը, Բելառուսում Ռուսաստանի դեսպան Բորիս Գրիզլովը (ձախից աջ) Բելառուսում Ռուսաստանի դեսպանատանը (27 փետրվարի, 2022թ)․ Մինսկ
Ռուսական պատվիրակության ղեկավարը նշել է, որ սպասում են, բայ յուրաքանչյուր ժամի արժեքը մարդկային կյանքեր են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Ուկրաինան համաձայնել է ՌԴ–ի հետ բանակցություններ վարել Բելառուսում, Գոմելի շրջանում։ Այսօր լրագրողներին հայտնել է պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ով արդեն մի քանի ժամ գտնվում է Գոմելում` սպասելով ուկրաինական կողմի պատվիրակության արձագանքին։

«Մենք արդեն պատրաստվում էինք մեկնել Գոմելից, բայց ուկրաինական կողմից տեղեկություն ստացանք բանակցությունների հաստատման մասին, որոնք կանցկացվեն հենց այստեղ։ Հիմա մշակվում է երթուղին, ընտրվում է առավել արդյունավետ տեղը, որտեղ ապահովված կլինի առավելագույն անվտանգություն ուկրաինական կողմի համար։ Մենք երաշխավորում ենք ուկրաինական կողմի երթուղում 100-տոկոսանոց անվտանգությունը ու որոշված տեղում կսպասենք ուկրաինական պատվիրակությանը»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է ռուսաստանյան պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

Նա ասել է, որ բանակցությունների հստակ ժամ հայտնի չէ, վստահեցրել է, որ ռուսական կողմը պատրաստ է սպասել` միաժամանակ հիշեցնելով, որ յուրաքանչյուր ժամի արժեքը մարդկային կյանքեր են` խաղաղ բնակիչների և ուկրաինացի զինվորների։
Հիշեցնենք` ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ռուսական պատվիրակությունը ժամանել է Բելառուս և Գոմելում պատրաստ սպասում է ուկրաինացիների հետ բանակցություններ սկսելուն։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել էր Բելառուսում բանակցել ռուսական կողմի հետ` ասելով, որ բանակցային հարթակ կարող են դառնալ Վարշավան, Բուդապեշտը, Ստամբուլը, Բաքուն, բայց ոչ Բելառուսի տարածքը։
Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ Բելառուսի Գոմել քաղաքը` որպես բանակցային տարածք, ընտրել է ոչ թե բելառուս ժողովուրդը, այլ Ռուսաստանի ղեկավարությունը։
Ռուսական կողմը Ուկրաինային մինչև 15։00 ժամանակ էր տվել` բանակցությունների առաջարկին արձագանքելու։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: