Սուտը ցուցադրելով` քարոզում էին ճիշտ ապրել. ինչպես էին հայերը տոնում Բարեկենդանը

Բարեկենդանի տոնակատարությունը Սուրբ Աստվածածին Կաթողիկէ եկեղեցու մոտ (27 փետրվարի, 2022թ)․ Երևան
Կերուխում, քեֆ, ուրախություն, խրախճանք ու զվարճալի խաղեր։ Սրանք Բուն Բարեկենդանի կարևորագույն բաղադրիչներն են, սակայն եկեղեցական այս կարևորագույն տոնը միայն զվարճանքների համար չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. Բարեկենդանը ուրախության և զվարճանքի տոն է։ Այն հիշեցնում է Ադամի և Եվայի դրախտային կյանքը, երբ նրանք ապրում էին վայելքի ու անհոգության մեջ: Այդ օրը մարդիկ այնքան էին բարիանում, որ անգամ իրենց ունեցվածքն էին բաժանում։ ««Հալել եմ եղը յար ջան, հալել եմ եղը...». հենց այս ժողովրդական երգի հնչյունների տակ էր Ուտիս տատը Բարեկենդանի օրը մինչև գիշեր տոնախմբության մասնակիցներին կերակրում քաղցր գաթաներով ու զանազան ուտեստներով։
Բարեկենդանի տոնակատարությունը Սուրբ Աստվածածին Կաթողիկէ եկեղեցու մոտ (27 փետրվարի, 2022թ)․ Երևան
«Ուտիս տատը բերում է, իր բլիթներով կերակրում ժողովրդին, մեզ մոտ ընդունված է փախլավա բաժանել, յուղ ու բրնձով պատրաստած փլավ ուտել և հիմնականում էլի ոչ մսային կերակուրներ` քաղցր գաթաներ, յուղոտ գաթաներ ճաշակել»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ազգագրագետ Հարություն Փանոսյանը։

Բուն Բարեկենդանը, բացի խրախճանքից ու կերուխումից, նաև ազատության օր էր: Երեկոյան, երբ խնջույքից հոգնած մեծերը հավաքվում էին տանը, դուռը թափով բացվում էր, և աղմուկով, երգով, թմբուկով ներս էր ընկնում դիմակավորված երեխաների խումբը: Տղաները հագած էին լինում աղջիկների հագուստ, փոքրերը` մեծի, երբեմն` ծաղրածուի:

«Բարեկենդանի ժամանակ ժողովուրդը ծաղրում էր վատ թագավորներին, դատավորներին, նաև սուտ, այսինքն` առանց սիրո հարսանիք էին կազմակերպում, տղային հագցնում էին աղջկա շորեր, աղջկան` տղայի շորեր, ու պսակում էին իրար հետ։ Այսինքն` սուտը, կեղծիքը ցուցադրելով` ժողովրդին քարոզում էին 49-օրյա ապաշխարանքի ընթացքում փորձել ճիշտ ապրել»,- նշեց ազգագրագետը։
Իսկ արդեն կեսգիշերին գալիս էր Պաս պապին կամ Ակլատիզը և ազդարարում Մեծ պահքի սկիզբը, որը ձգվում էր 49 օր։ Այս շաբաթներին քրիստոնյաներն իրենց նվիրում էին Աստծուն, ապաշխարում։
Ըստ ավանդույթի` Ուտիս տատը խորհրդանշում է կնոջ տիրապետության շրջանը՝ ուտիս օրերը, իսկ Պաս պապը` արական տիրապետության և Պաս օրերի շրջանը:
Նշենք, որ այս տարի Մեծ պահքը սկսում է փետրվարի 28–ին, հետևաբար Բուն Բարեկենդանը նշում ենք այսօր` փետրվարի 27–ին։
«Ձեզ`Բարեկենդան, մեզ` բարի Զատիկ». տոնի գույներն ու տրամադրությունները` լուսանկարներով