ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ շնորհակալություն է հայտնել Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մասնակիցներին։ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Պուտինի շնորհակալական ուղերձը Հատուկ գործողությունների ուժերի օրվա կապակցությամբ է։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հրամանատարությանը, հատուկ գործողությունների ուժերի անձնակազմին, հատուկ նշանակության ստորաբաժանումների վետերաններին՝ երդմանը հավատարիմ մնալու, անբասիր ծառայության համար՝ հանուն Ռուսաստանի ժողովրդի և մեր մեծ հայրենիքի», - ասել է ՌԴ նախագահը։
Նա հիշեցրել է, որ զինվորականները բազմիցս ապացուցել են ցանկացած, ամենաբարդ պայմաններում հնարավորինս արդյունավետ գործելու և ամենադժվար խնդիրները գրագետ լուծելու իրենց պատրաստակամությունը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: