Խրամորթը լքելու կոչեր էլ չեն հնչել, Խոջալուի շինծու ջարդերի մասին մուղամ են «հրամցրել»

Այս պահին Խրամորթում հանգիստ է: Գյուղը շարունակում է ապրել իր առօրյա հոգս ու գործով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի– Sputnik. Ռուսական խաղաղապահ առաքելության կոնտինգենտի բանակցություններն ադրբեջանական կողմի հետ փետրվարի 26-ին որոշակի դրական ազդեցություն են ունեցել:
Հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը` անդրադառնալով վերջին օրերին Ասկերանի շրջանում ադրբեջանական կողմի իրականացրած հերթական սադրանքներին։

«Կեսօրից հետո բարձրախոսով գյուղը լքելու բարբաջանքներ չեն հնչել, փոխարենը 2 անգամ «Խոջալուի» շինծու ջարդերի մասին մուղամ են «հրամցրել»: Խաղաղապահները վստահեցրել են, որ այս խնդիրն առաջիկա 2-3 օրերի ընթացքում կլուծվի»,– հայտնում է Թադևոսյանը:

Նա նաև հայտնում է, որ այս պահին Խրամորթում հանգիստ է: Գյուղը շարունակում է ապրել իր առօրյա հոգս ու գործով:
ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները մշտապես կապի մեջ են խրամորթցիների հետ և վերահսկում են օպերատիվ իրավիճակը:
Հայտնել էինք, որ արդեն մի քանի օր է` ադրբեջանցիներն Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչներից պահանջում են լքել գյուղը։ Ադրբեջանցիները բարձրախոսով հայտարարում են, որ գյուղը ադրբեջանական տարածք է և տեղի բնակիչները պետք է հեռանան այնտեղից։
Արցախի օմբուդսմանն առաջարկում է Խրամորթում ռուս խաղաղապահներ տեղակայել
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ից սկսած ադրբեջանական կողմը Ասկերանի շրջանի շփման գծի Խրամորթ-Ակնա (Աղդամ) հատվածում մի քանի անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կրակել դաշտավայրում աշխատող տրակտորիստի ուղղությամբ, այնուհետև հաջորդ օրը գյուղացիներին բանավոր զգուշացրել են լքել տարածքը: Անհաջող այս փորձերին հաջորդել են բարձրախոսով կոչերը: