Հայատյացությունն Ադրբեջանի պետական քաղաքականությունն է. ԱԳՆ–ը` Սումգայիթի ջարդերի մասին

ՀՀ ԱԳՆ. Արխիվային լուսանկար
Հայատյացությունը, ուժի և ուժի կիրառման սպառնալիքն այսօր էլ մնում են Ադրբեջանի պետական քաղաքականությունը, ինչն ակնհայտորեն հակասում է խաղաղ, զարգացող և կայուն տարածաշրջան ունենալուն ուղղված տարածաշրջանային և միջազգային ջանքերին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. 34 տարի առաջ՝ փետրվարի 27-29-ը, Ադրբեջանական ԽՍՀ իշխանությունների ծրագրմամբ և իրավապահների թողտվությամբ իրականացվեցին Սումգայիթ քաղաքի հայ բնակչության ջարդերը, որոնց զոհ գնացին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ կանայք, երեխաներ և ծերեր, իսկ հազարավորները` բռնի տեղահանվեցին։ Ասված է սումգայիթյան ջարդերի 34-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։

«Հայերի դեմ կազմակերպված զանգվածային սպանությունները և խոշտանգումները, որոնք նպատակ ունեին բռնի ուժով ճնշելու Արցախի հայության ժողովրդավարական կամարտահայտումը և առկա իրավական մեխանիզմների հիման վրա իր ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացումը, հետագայում շարունակվեցին Բաքվում, Կիրովաբադում և Ադրբեջանի այլ հայաշատ բնակավայրերու։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից իր հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու կամքի բարձրաձայնմանն Ադրբեջանը պատասխանեց հայերի նկատմամբ հավաքական պատժի քաղաքականության իրագործմամբ, որը հետագայում վերաճեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ լայնածավալ պատերազմի սանձազերծման»,– նշում է ԱԳՆ–ն։

Արտաքին քաղաքական գերատեսչությունը փաստում է, որ Սումգայիթում տեղի ունեցած հայերի ջարդերը միջազգային լայն արձագանք ստացան, դատապարտող բանաձև ընդունվեց Եվրոպական խորհրդարանի կողմից։
Սակայն, շարունակելով նույն քաղաքականությունը, 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ ագրեսիայի ընթացքում ադրբեջանական զինված ուժերն ամբողջական էթնիկ զտումների ենթարկեցին իրենց վերահսկողության տակ հայտնված բոլոր հայկական բնակավայրերը՝ դաժան հաշվեհարդար տեսնելով բազմաթիվ պատանդառված քաղաքացիական անձանց և ռազմագերիների նկատմամբ, ոչնչացվեցին և վանդալիզմի ենթարկվեցին հայկական մշակութային և կրոնական կոթողներ ու սրբավայրեր։
«2021թ. դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Միջազգային դատարանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումը ցույց տվեց, որ Սումգայիթի ոճրագործությունից ավելի քան երեք տասնամյակ անց Ադրբեջանի կողմից շարունակվում է հայերի նկատմամբ ռասայական ատելության և հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը»,– գրում է ԱԳՆ–ն` միաժամանակ արձանագրելով, որ հայատյացությունը, ուժի և ուժի կիրառման սպառնալիքն այսօր էլ մնում են Ադրբեջանի պետական քաղաքականությունը, ինչն ակնհայտորեն հակասում է խաղաղ, զարգացող և կայուն տարածաշրջան ունենալուն ուղղված տարածաշրջանային և միջազգային ջանքերին:
ՀՀ և ԱՀ օմբուդսմանները համատեղ հայտարարություն են արել Սումգայիթի ջարդերի տարելիցի առթիվ
Հիշեցնենք, որ 1988թ. փետրվարի 26-29–ը Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները սկսեցին տեղի հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի զանգվածային թալանով և ոչնչացմամբ:
Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 26 հայ, ոչ պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը մի քանի հարյուր է։