ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթական ուղերձում ասել է, որի չի հավատում Բելառուսում կայանալիք ռուս–ուկրաինական հանդիպման արդյունքին, բայց փորձել պետք է։
«Որպեսզի հետո ոչ մի ուկրաինացի կասկած չունենա, որ ես՝ որպես նախագահ, չփորձեցի դադարեցնել պատերազմը, երբ թեկուզ փոքր, բայց ինչ–որ հնարավորություն կար»։
Զելենսկին շեշտել է, որ Բելառուսի նախագահի առաջարկը ռուսական կողմի պատվիրակության հետ եղել է առանց որևէ նախապայմանի:
«Պայմանավորվեցինք, որ ուկրաինական պատվիրակությունը առանց նախապայմանների կհանդիպի ռուսական պատվիրակության հետ ուկրաինա-բելառուսական սահմանին՝ Պրիպյատ գետի մոտ։ Ալեքսանդր Լուկաշենկոն ստանձնել է Բելառուսի տարածքում տեղակայված բոլոր ինքնաթիռների, ուղղաթիռների և հրթիռների սառեցման պատասխանատվությունը ուկրաինական պատվիրակության ժամանման, բանակցությունների և վերադարձի ողջ ընթացքում»,– ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել էր Բելառուսում բանակցել ռուսական կողմի հետ` ասելով, որ բանակցային հարթակ կարող են դառնալ Վարշավան, Բուդապեշտը, Ստամբուլը, Բաքուն, բայց ոչ Բելառուսի տարածքը։
Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ Բելառուսի Գոմել քաղաքը` որպես բանակցային տարածք, ընտրել է ոչ թե բելառուս ժողովուրդը, այլ Ռուսաստանի ղեկավարությունը։
Ռուսական կողմը Ուկրաինային մինչև 15։00 ժամանակ էր տվել` բանակցությունների առաջարկին արձագանքելու։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ուկրաինան համաձայնել է ՌԴ–ի հետ բանակցություններ վարել Բելառուսում, Գոմելի շրջանում։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: