ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին Զելենսկին հայտնել է Twitter–ի իր էջում։
«Ես շարունակում եմ բանակցությունները միջազգային գործընկերների հետ։ Ադրբեջանի նախագահի հետ եմ հեռախոսազրույց ունեցել։ Մենք բարձր ենք գնահատում տրամադրված մարդասիրական օգնությունն ու դեղորայքը»,–գրել է Զելենսկին իր գրառման մեջ։
Նա շնորհակալություն է հայտնել Ուկրաինային աջակցելու համար։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դրանից հետո հայտարարեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին։
Փետրվարի 24–ին ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ սահմանեց ռուսական մի քանի բանկերի դեմ։ Պատժամիջոցների մասին են հայտարարել նաև Կանադան, Մեծ Բրիտանիան, Եվրամիությունը։ Պատժամիջոցներ կկիրառեն նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի դեմ։