ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և նրա ռուս գործընկեր Սերգեյ Լավրովը հեռախոսով քննարկել են Ուկրաինայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները։ Տեղեկությունը ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը։
Չավուշօղլուն թուրքական միջնորդությունն է առաջարկել բանակցությունների համար։ Նա, մասնավորապես, ասել է, որ եթե կողմերը ցանկանան, Թուրքիան պատրաստ է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններ կազմակերպել։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: