Թշնամական կողմի հետ բանակցություն է տարվում. Թադևոսյանը` Խրամորթը լքելու սպառնալիքի մասին

Հունան Թադևոսյանը վստահեցնում է` չնայած ադրբեջանական կողմի սադրանքին, Խրամորթում խուճապային տրամադրություն չկա, ոչ ոք գյուղը լքել չի պատրաստվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Այս պահին Խրամորթում են ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները, ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատուները։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
Հայտնել էինք, որ արդեն 2 օր է` ադրբեջանցիներն Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչներից պահանջում են լքել գյուղը։ Ադրբեջանցիները բարձրախոսով հայտարարում են, որ գյուղը ադրբեջանական տարածք է և տեղի բնակիչները պետք է հեռանան այնտեղից։

«Բարձրախոսներով գյուղը լքելու ադրբեջանական կոչերն, ըստ էության, խուճապային տրամադրություններ ստեղծելու տրամաբանություն ունեն։ Թշնամական կողմի հետ բանակցություններ են տարվում, որի մասին կհրապարակենք»,–գրել է Թադևոսյանը։

Նա վստահեցնում է, որ Խրամորթում խուճապային տրամադրություն չկա, ոչ ոք գյուղը լքել չի պատրաստվում։ Ավելին, տեղաբնակների կողքին ապրում են նաև այլ բնակավայրերից տեղահանվածներ։
Կարևոր է բուժել Արցախի վերքերը. Խրամորթ գյուղի դպրոցը կվերանորոգվի սփյուռքի միջոցներով
Հիշեցնենք, որ ադրբեջանցիների միացրած ձայնագրության մեջ ասվում է, որ եթե գյուղացիները չհեռանան Խրամորթից, ուժով կհանեն նրանց այնտեղից։