Ռուսաստանի համար կարևոր է, որ Հայաստանն ու հայ ժողովուրդն իրենց անվտանգ զգան. Կոպիրկին

Հայաստանում ՌԴ դեսպանը մեկնաբանել է Ուկրաինայում իրավիճակի սրման հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին հնարավոր լարվածության հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի համար կարևոր է, որ Հայաստանն ու հայ ժողովուրդն իրենք անվտանգ զգան։ «Արմենպրեսի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Դրա երաշխիքը մեր դաշնակցային հարաբերություններն են, դրանց խորացմանն ու ամրապնդմանն ուղղված ուղեծիրը, որ բռնել են մեր երկրները»,–ասել է դեսպանը։
Մեկնաբանելով Ուկրաինայում իրավիճակի սրացման ֆոնին հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հնարավոր սադրանքների հարցը՝ Կոպիրկինը նշել է, որ Ռուսաստանի համար թանկ են 2 երկրների հետ հարաբերությունները։ ՌԴ–ն դրանք դիտարկում է որպես տարածաշրջանում անվտանգության և խաղաղության պահպանման կարևոր գործոն, քանի որ դրանք Ռուսաստանին թույլ են տալիս միջնորդական դեր ունենալ եղած և առաջացող խնդիրների կարգավորման գործում:

«Մենք այս գործոնն օգտագործում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված մեր ակտիվ ջանքերում, ներառյալ սահմանային խնդիրների կարգավորումը, տարածաշրջանի խաղաղ և անվտանգ զարգացման համար պայմանների ստեղծումը։ Իհարկե, շատ կարևոր է, որ այդ ջանքերն ամրապնդվեն 2 կողմերի քաղաքական կամքով, նրանց համար ընդունելի լուծումներ և պայմանավորվածություններ գտնելու պատրաստակամությամբ։ Մենք Երևանի և Բաքվի հետ ակտիվորեն աշխատում ենք այդ ուղղությամբ»,–ասել է դեսպանը։

փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: