ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության ապահովման հարցերը, հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։
«Կողմերը կարծիքներ են փոխանակել 2020թ.նոյեմբերի 9-ին, 2021թ. հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների` ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների իրագործման գործնական քայլերի վերաբերյալ։ Այդ թվում են հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության ապահովման հարցերը»,–ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարներն անդրադարձել են նաև երկկողմ օրակարգի որոշ արդիական թեմաների:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: