Եվրոպական երկրները ՌԴ–ի դեմ ուղղված պատժամիջոցների հարցում ԱՄՆ–ի հետ կգործեն համաձայնեցված, բայց հետո, երբ ժամանակի ընթացքում տեսնեն, որ իրենք նույնպես վնասներ են կրում դրանցից, կսկսեն պարբերաբար չեղարկել որոշ պատժամիջոցներ կամ հրաժարվել սահմանափակումներից` գնալով զիջումների։ Այստեղ թելադրող են լինելու պրագմատիկ մոտեցումն ու բիզնես շահը։ Sputnik Արմենիայի եթերում այս մասին ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
Ըստ նրա` Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելը բավականին բարդ գործընթաց է, դրանք չեն կիրառվում միայն անհատների նկատմամբ, այլ առնչվում են տնտեսությանը, բանկային համակարգին և որպես կանոն` ժամանակատար են, այսինքն` իրավական պրոցեսները, գործընկերների հետ համաձայնեցումները պահանջում են որոշակի ժամանակ։
Սարգսյանի համոզմամբ` պատժամիջոցներն այդուհանդերձ հաճախ ունենում են հակառակ էֆեկտ, որովհետև հարվածում են ոչ միայն նրանց, ում նկատմամբ կիրառվում են, այլև հենց կիրառողներին։
«Պատժամիջոցները միանգամից ուժի մեջ չեն մտնելու, թեև հնչել են հայտարարություններ, որ դրանք շարունակական են լինելու։ Ուկրաինական վերջին զարգացումներից առաջ հենց ԵՄ երկրների միջև կային տարաձայնություններ այն հարցի վերաբերյալ, թե ինչպես պետք է հարաբերվեն Ռուսաստանի հետ, ու թեև հիմա փորձում են միասնական ճակատ ձևավորել, բայց այդ միասնությունը երկար չի տևի, քանի որ ժամանակի ընթացքում կտա որոշակի ճաքեր, և պետությունները, հաշվի առնելով իրենց շահերը, կգնան ՌԴ–ի հետ հարաբերությունների կարգավորման»,– ասաց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրենը։
Նրա դիտարկմամբ` աշխարհը փաստացիորեն դառնում է եռաբևեռ` ԱՄՆ, Չինաստան և ՌԴ, որտեղ Ռուսաստանը շատ ակտիվ դերակատարություն ունի իրեն հարակից տարածաշրջաններում տեղի ունեցող գործընթացներում և հայտարարում է, որ այդ տարածքները մտնում են իր կենսական շահերի ու հետաքրքրությունների գոտու մեջ։ Ըստ նրա` ԱՄՆ–ի և ՌԴ–ի միջև հակասությունները շարունակվելու են, ինչը բնորոշ է գերտերությունների լարված հարաբերություններին և կարող է բարդացնել հետագա երկխոսությունը։
Ի դեպ, նաև Չինաստանի դեմ ուղղված ԱՄՆ պատժամիջոցները նպաստեցին նրան, որ Ռուսաստանի ու Չինաստանի միջև ձևավորվեցին բավականին սերտ, դաշնակցային հարաբերություններ։