ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլին պաշտոնական այցով Ռուսաստան կմեկնի։ Սպասվող պաշտոնական այցի օրակարգի հարցերն այսօր հեռախոսազրույցի ժամանակ նա քննարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմից։
Նշենք, որ Կրեմլը արդեն հայտնել է երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցի մասին` հավելելով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության ապահովման հարցերը։
ՀՀ վարչապետի աշխատակազմն էլ հավելում է, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության հետ կապված հարցեր։