Մի շարք երկրներից հայրենիք վերադարձի համար ՀՀ քաղաքացիներից վիզա չի պահանջվի. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ–ն Ուկրաինայից ՀՀ քաղաքացիների տարհանման տարբերակներ է քննարկում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. ՀՀ այն քաղաքացիների համար, որոնք Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների լույսի ներքո մտադիր են Հայաստան վերադառնալ՝ հատելով Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի սահմանները, նշյալ երկրների՝ նախապես ստացած վիզա չի պահանջվի: Նման տեղեկություն է տարածել ՀՀ արտգործնախարարությունը` հավելելով, որ դիտարկում են նաև Ուկրաինայից ՀՀ քաղաքացիների տարհանման այլ տարբերակների հնարավորություններ:

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ընդունել մեր հայրենակիցներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև այլ փախստականների»,–նշված է հաղորդագրության մեջ։

Կիևում ՀՀ դեսպանությունը, Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, ինչպես նաև ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում են իրենց աշխատանքը ողջ կազմով։
Կիևում դեսպանության հեռախոսահամարներն են` +380442349005, +380671090506, +380689602524, +380685000782։
Օդեսայում գլխավոր հյուպատոսության հեռախոսահամարները հետևյալն են` +380487039176, +380487039178։
Դոնի Ռոստովում գլխավոր հյուպատոսություն միանալու համար ՀՀ քաղաքացիները կարող են զանգահարել +79614084423 հեռախոսահամարներով։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: