ՀՀ և ԱՀ օմբուդսմանները համատեղ հայտարարություն են արել Սումգայիթի ջարդերի տարելիցի առթիվ

Սումգայիթի ջարդերի 34-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի և Արցախի ՄԻ պաշտպանները համատեղ հայտարարութուն են տարածել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Ադրբեջանի իշխանությունները պետք է քաղաքական կամք դրսևորեն և ճիշտ գնահատեն Սումգայիթում, Գանձակում (Կիրովաբադ), Բաքվում և այլ վայրերում իրականացված հայատյաց ջարդերը` զերծ մնալով ժխտողականության քաղաքականությունից։ Սումգայիթի ջարդերի 34-րդ տարելիցի կապակցությամբ նման հայտարարությամբ են հանդես եկել ՀՀ ՄԻ պաշտպան Քրիստինե Գրիգորյանն ու Արցախի ՄԻ պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին պատասխանատվության ենթարկել 44-օրյա պատերազմի և հաջորդող ժամանակ քաղաքացիական անձանց նկատմամբ բռնարարքներ, ռազմագերիների և զոհված զինծառայողների խոշտանգումներ կազմակերպած ու իրականացրած անձանց։ Կոչ ենք անում նաև անվերապահորեն ազատ արձակել մինչ օրս ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ ռազմագերիներին ու պահվող այլ անձանց»,–ասված է ՄԻ պաշտպանների հայտարարության մեջ։

Նրանք կոչ են անում նաև, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի գործողությունները:
Բացի այդ, Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները միջազգային հանրությանն են կոչ անում պատշաճ իրավական գնահատական տալ 1988թ. փետրվարին Սումգայիթում կատարված բռնություններին, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել ներկայում Ադրբեջանում շարունակվող հայատյացության քաղաքականության գնահատման ու դադարեցման ուղղությամբ:
Նրանք հիշեցնում են, որ թեև Սումգայիթի ջարդերը փաստագրված են եղել խորհրդային մարմինների կողմից, այնուամենայնիվ, այդ ոճրագործության հեղինակները և կազմակերպիչներն այդպես էլ արդարադատության առջև չեն կանգնել:
Սումգայիթյան սպանդը մարդկայնության դեմ նոր հանցագործությունների սկիզբ դրեց․ Արցախի ԱԳՆ
Օմբուդսմանները նշում են, որ տարիներ շարունակ ադրբեջանական իշխանությունների կողմից իր հասարակությունում սերմանված հայատյացությունն իր վատագույն դրսևորումը ստացավ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 2020թ.–ին սանձազերծված պատերազմի ժամանակ։
Հիշեցնենք, որ 1988թ. փետրվարի 26-29–ը Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները սկսեցին տեղի հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի զանգվածային թալանով և ոչնչացմամբ:
Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 26 հայ, ոչ պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը մի քանի հարյուր է։