- Պարոն Խաչատուրյան, 1 տարի է, ինչ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ենթակայությամբ գործող Ռազմական արդյունաբերության կոմիտեն չունի ղեկավար։ Ինչո՞ւ է այդպես և դա չի՞ խանգարում կոմիտեի աշխատանքներին։
- Հարցը տեղին է, որովհետև բոլոր դեպքերում, եթե կա պաշտոնը, ապա պետք է նաև ղեկավարը լինի։ Կարող եմ ասել, որ իհարկե լավ կլիներ, որ ղեկավար լիներ, որովհետև իմ ժամանակի ինչ-որ մի մասը, որ ես հիմա ծախսում եմ այդ պարտականությունները կատարելով, այդ ժամանակ ես չէի ծախսի։
Բայց ընդհանուր առմամբ աշխատանքին այս պայմանները չեն խանգարում, խնդիրները կատարվում են։
Ասեմ, որ համալրումներ են տեղի ունեցել և տեղի են ունենում հիմա։ Բավականին ազատ հաստիքներ և հիմա ունենք, մարդիկ կարող են դիմել` մրցույթի արդյունքում աշխատանքի անցնել ռազմարդյունաբերական կոմիտեում։ Հիշեցնեմ, որ ռազմարդյունաբերական կոմիտեն 3-րդ տարին է, ինչ գտնվում է մեր նախարարության ենթակայության տակ։ Մինչ այդ եղել է ՊՆ-ի ենթակայության ներքո, և ասեմ, որ նույնիսկ հիմա ենք մենք ամփոփում ընդունել–հանձնելու գործընթացը, որովհետև նախկինում շատ պատվերներ ՊՆ–ի ենթակայության տակ են եղել, մինչև հիմա այդ պատվերների գործընթացը չի ավարտվել, և մենք հիմա դեռ այդ գործընթացի մեջ ենք։ ՊՆ–ի հետ ժամանակացույց ենք սահմանել, որ վերջնականապես ավարտենք։
Պայմանագրեր կան, որոնք պետք է ավարտվեն, վճարումներ կան, որ պետք է ճշգրտվեն ու արվեն։ Այս ամենից հետո արդեն ամբողջական պատկերը կունենանք և հաշվետվություն կներկայացնենք կառավարությանը` ՊՆ–ի հետ համատեղ, թե ինչպիսին է այսօր ռազմարդյունաբերական կոմիտեի գիտահետազոտական, փորձարարական, կոնստրուկտորական աշխատանքների վիճակը։
Կոմիտեի ղեկավարի ընտրությանը, միգուցե նաև խանգարել է այն հանգամանքը, որ մեկ տարվա ընթացքում 3 նախարար է եղել, ամեն մեկն իր մոտեցումն ու իր սկզբունքներն ունի կադր ընտրելու հարցում։ Տվյալ դեպքում, ես 7-րդ ամիսն է, ինչ նախարար եմ ու կարծում եմ` ինձ ուղղված քննադատական խոսքն այդ առումով տեղին է։ Միգուցե ես մի քիչ ավելի բարձր չափանիշներ եմ դրել, թե ում եմ պատկերացնում այդ տեղում։
- Չկա՞ մինչ այս պահը այդ մարդը։
- Մինչ ձեր պաշտոնը թողնելը կհասցնե՞ք նշանակել։
- Չի բացառվում։ Որքանով թույլ կտա ժամանակը, և, ի վերջո, այդ նշանակումը կատարվում է ՀՀ վարչապետի կողմից։
- Տարբեր ընկերություններ կան, որոնք պետք է համագործակցեն ռազմարդյունաբերական կոմիտեի հետ` բանակին առնչվող տարբեր արտադրանքների տեսանկյունից։ Որքանո՞վ է կանոնակարգված այդ աշխատանքը, և ի վերջո` երբ մենք կտեսնենք թե՛ ԱԹՍ–ների և թե՛ այլ սպառազինության սերիական արտադրություն։ Ի՞նչն է խանգարում դրան։
- Ամեն ինչ կանոնակարգված է, բոլորն էլ գիտեն, թե ինչպես պետք է իրենց գաղափարներն իրականություն դարձնեն։ Որպեսզի այդ աշխատանքները դառնան պետության կողմից ֆինանսավորվող, պետք է որոշակի պրոցեդուրաներ անցնեն` դիմում գրեն, դիմումից հետո պետք է քննարկվի ռազմարդյունաբերական կոմիտեում, իսկ քննարկումից հետո, եթե ռազմարդյունաբերական կոմիտեն դրական եզրակացություն տա, պետք է գա արդեն գիտպետկոմ։
Գիտպետկոմի` տարբեր մասնագիտությունների տեր մարդկանցով համալրված համապատասխան հանձնաժողովն ընդհանուր գնահատական պետք է տա, թե որքանով է տվյալ նախաձեռնությունը, գաղափարն իրականանալի։ Բացի այդ պետք է լինի ՊՆ–ի կամ ՀՀ ԶՈւ ԳՇ–ի կարծիքը` ինչքանով է այդ գաղափարը ՊՆ–ի համար պիտանի։ Այդքանից հետո ավելի բարձր մի ատյան կա, որը դա հաստատում է, և մենք արդեն` որպես նախարարություն, իրավունք ենք ստանում ֆինանսավորելու։
Այդտեղ էլ որոշակի խոչընդոտներ կան, բայց դրանց մասին չասեմ, որովհետև ուղղակի աշխատանքային հարցեր են, նաև որոշակի դժվարություններ` կապված ֆինանսավորման հետ։ Այդպիսի ընկերություններին ֆինանսական կազմակերպությունները ցանկություն չեն ունենում ֆինանսավորելու, որովհետև հաշվետվությունների տալու ժամանակ միշտ չէ, որ այդ ֆինանսական կազմակերպություններն իրավունք ունեն երկակի նշանակությամբ արտադրության ֆինանսավորում իրականացնելու։
– Գաղտնիությա՞ն հետ կապված։
– Այո՛, այո՛։ Եվ այդ պատճառով մենք` որպես պետություն, լրացուցիչ ռիսկի ենք գնում , կանխավճարներ ենք կատարում, մի քիչ էլ ավելի, որ այդ գաղափարներն իրականություն դառնան։
Առիթը օգտագործելով ասեմ նաև, որ, կարծում եմ` գաղտնիք չէ, առօրյայում այնպես է լինում, որ այդ գաղափարների իրականացման ժամանակ, փորձարկումները չեն ստացվում` մեկ, երկու, երեք անգամ։ Հիմա, որ Դուք ԱԹՍ–երի մասին եք հարցնում, խնդիրը նրանում է, որ մենք գիտենք, որ արդեն ամեն ինչ պատրաստ է, վաղը պետք է թռիչքը լինի, բայց թռիչքի ժամանակ որոշ անսարքություններ են լինում։ Ի վերջո, նոր արտադրանք է` իր ամեն ինչով հանդերձ։
Եվ քանի որ ես իմ երիտասարդ տարիներին աշխատել եմ ռազմարդյունաբերական համալիրում և առնչվել եմ այդպիսի փորձերի հետ, ես տեսել եմ, թե խորհրդային տարիներին ինչ գումարներ էին ծախսվում գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների վրա։ Ես շատ մեծ խնդիր չեմ տեսնում նրանում, որ նրանց պետք է երրորդ կամ չորրորդ անգամ հնարավորություն տալ։
Ավելի ասեմ` վարչապետի կողմից ուղղակի մոտեցումն է այդպիսին, որ մենք բոլոր այդպիսի մարդկանց կամ խմբերին, ովքեր նորարարությամբ են զբաղվում, աջակցել, հնարավորություն տալ` գաղափարներն իրականություն դարձնելու։
Հիմա գանք սերիականին. իսկ ո՞վ ասեց, որ մենք չունենք սպառազինության սերիական արտադրություն։ Այսօր ՀՀ ռազմարդյունաբերական համալիրը` մասնավոր և պետական ձեռնարկություններ, մեր պաշտպանության որոշակի պահանջներ բավարարում են։
-Կարծեմ մեկ անգամ հրապարակային եղել է հայտարարություն` ականանետերի հետ կապված։
– Այո՛, դրանք կան, արդեն բանակում են, շահագործվում են։ Կարծում եմ, որ մեր բանակայիններն էլ գոհ են։ Շատ կարևոր է, որ դրանք տեղական են, որովհետև մենք նաև ուղեկցում ենք։ Այսինքն` բանակում, երբ որևէ խնդիր է լինում, ուղղակի մասնագետներն այդ խնդիրը փորձում են բանակայինների հետ լուծել, նաև` կատարելագործելու առումով, ոչ միայն ընթացիկ վերանորոգում անելու։
– Հնարավո՞ր է մեծ քանակություն լինի, հետագայում` արտահանում։
– Այո՛, մեր ուղղությունն այդպիսին է. մեր արտադրանքը ոչ միայն պիտի կիրառելի լինի ՀՀ պաշտպանության կարիքների համար, այլև դրանք պետք է հնարավորություն ունենան արտահանվելու։
– Եթե գաղտնիք չէ, ո՞ր երկրներն են հետաքրքրված հայկական արտադրանքով։
– Էլի գաղտնիք է։ Կներեք, մեզ մոտ հարցը շատ խիստ է դրված, և անվտանգության ծառայությունն էլ մեզ պարբերաբար հիշեցնում է։ Ես որևէ ավելորդություն չեմ տեսնում, երբ մենք գաղտնի դրության այս սահմանափակումները մեծացնում ենք։ Օրինակ` գործուղումների հետ կապված. ես միշտ կողմնակից եմ եղել թափանցիկ աշխատելուն, բայց մենք նույնիսկ կառավարությանն առաջարկություն ներկայացրեցինք, որ երբ մեր կառույցներից են գնում գործուղման, գաղտնի պահվի և՛ նրանց տոմս գնելը, և՛ ուր են գնում, ովքեր են գնում, որովհետև հակառակորդ կողմը կամ այլ երկրներ շատ հետաքրքրված են ու մանրամասն նայում են։
Եվ ԱԹՍ–ների մասով. այն, որ ես հունվարին ասել եմ, դրանք իրականություն են դառնում։ Հենց այսօր, այս պահին փորձարկումներ են գնում։ Ես հույս ունեմ, որ վաղը, մյուս օրը որևէ մի ընկերություն ի վերջո կավարտի իր նախնական բոլոր փորձարկումները և վերջնական պայմանագիր կկնքվի ՊՆ–ի հետ։
– Խոսքը մի քանի ընկերության մասի՞ն է։
– Տվյալ դեպքում ես մեկի մասին եմ ասում, որ հիմա անում է և երկրորդն էլ ընթացքի մեջ է։ Հետո հաջորդ երկուսը կլինեն։ Այս ընթացքում իրենք արդեն փորձարկման փուլում են, ինչը նշանակում է, որ դա արդեն պետական մակարդակի փորձարկումներ են, ՊՆ–ի, մեր նախարարության ու ռազմարդյունաբերական կոմիտեի համապատասխան մասնագետների հետ։ Բավական բարձր չափանիշներ են դրված։ Այսինքն` իրական ռազմական, պատերազմական իրավիճակին հավասարեցված պայմաններում են այդ փորձարկումներն անցնում, որպեսզի անհրաժեշտության դեպքում օգտագործելիս ուղղակի բացթողումներ չլինեն։
– Խոսքը հարվածայի՞ն ԱԹՍ–ների մասին է։
– Երկուսի էլ` և՛ հետախուզական, և՛ հարվածային։
– Արբանյակի գնման գործընթացը Հայաստանի համար ի՞նչ փուլում է, արդյո՞ք դեռ օրակարգում է։
– Օրակարգում է տիեզերական գործունեության հետ կապված մի քանի ուղղություն, որոնցից մեկն էլ արբանյակների ձեռքբերման տարբերակների քննարկումն է։
Ասեմ, որ աշխարհում վերջին 5 տարում զարգացումներն այնպիսին են, որ այլևս գեոստացիոնար արբանյակ ունենալու խնդիրն ավելի քիչ կարևոր է, քան կապի կամ տեսանկարահանող արբանյակներ ունենալը` ավելի փոքր, ավելի թեթև, ավելի մատչելի գներով, առավել ևս, որ հիմա դրանց թռիչքներն ավելի մատչելի են դարձել` շնորհիվ SpaceX-ի թռիչքների։ Ուղղակի այսպես ասեմ, որ մենք հիմա զբաղվում ենք դրանով։ Արդյունքներ ունենալու դեպքում, դրանք հրապարակային կլինեն, որովհետև այդպիսի խիստ սահմանափակումների մեջ չեն։ Ուղղակի մենք բանակցային գործընթացի մեջ ենք, չէի ցանկանա նախնական հրապարակում անել։
Բայց մենք տիեզերական հնարավորություններից օգտվում ենք և տարբեր ընկերությունների հետ բանակցում ենք` նկարներ գնելու, մշակելու շուրջ։ Մենք հիմա, այսպես ասեմ`թափ ենք հավաքում։ Նախարարությունում կառուցվածքային փոփոխությունների նախագիծն արդեն մշակվել էր։ Չգիտեմ` ինչքանով ես կհասցնեմ, բայց հույս ունեմ, որ հաջորդը, ով ինձանից հետո կլինի, այդ կառուցվածքային փոփոխություններից կսկսի, ու կառավարությանը, վարչապետին կներկայացնի, որովհետև արդեն դրա կարիքը կա։
Հետագայում նաև տիեզերական գործակալություն ունենալու խնդիրն է օրակարգում, քանի որ Տիեզերքի մասին օրենքում նաև տիեզերական գործակալություն ունենալու պահանջ կա։
– Շուտով ավարտվելու են Ձեր լիազորությունները։ Ո՞ւմ եք տեսնում ձեզ փոխարինող նախարարի պաշտոնում։
– Եկեք, առաջ չընկնենք, դեռևս ընտրական գործընթաց կա։ Միայն ընտրական գործընթացից հետո կարելի է սրա մասին խոսել։ Ես, ինչքան էլ փորձում եմ տրամադրվել, դեռ տրամադրված չեմ նույնիսկ ինքս իմ մեջ քննարկել թեկնածությունը, թե ինձանից հետո ով կլինի։ Բայց կուզեմ, որ ընդհանրապես հաջորդականություն լինի։
Ասեմ, որ ես չեմ եկել մի տեղ, որտեղ աշխատանք չկար։ Ընդհակառակը` եկել եմ մի տեղ, որտեղ շատ աշխատանքներ պետք է կատարվեին, ծրագրվել էին, մենք շարունակել ենք այն, ինչ արդեն սկսվել էր և շարունակում ենք այդ ծրագրերը։
Խնդիրն այսպիսին է` անձից կախված չթողնել նախարարության աշխատանքը, այլ ուղղակի այնպիսի իրավիճակ լինի, որ ցանկացած աշխատանք իր շարունակությունն ունենա։ Չլինի այնպես, որ մեկը գա ու ամեն ինչ զրոյից սկսի։
Մի բան էլ կա. երբ մենք կառավարության նիստերում քննարկումներ ենք անում, որոշումներ ենք ընդունում, առաջին հարցն է` ինչքանով է այն տեղավորվում կառավարության 5 տարվա ծրագրերի մեջ։ Եթե այդ ծրագրերի մեջ չկա, ուղղակի քննարկման ենթակա չէ։ Շատ ճիշտ մոտեցում է։ Ամեն ինչ պետք է տրամաբանական լինի։ Սա կառավարման լավագույն մոտեցումն է, որ հույս ունեմ` հետագայում էլ կշարունակվի։
– ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը դժգոհում էր Սահմանադրությամբ իրեն վերապահված սահմանափակ լիազորություններից։ Ձեր դիրքորոշումն այս համատեքստում ինչպիսի՞ն է սահմանադրական փոփոխությունների նկատմամբ, և արդյո՞ք Դուք կաշխատեք գործող Սահմանադրության պայմաններում` նույն սեղմ լիազորություններով։
– Ես արդեն իմ համաձայնությունը տվել եմ, որ առաջադրվեմ։ Եվ ես շատ լավ հասկանում եմ, թե ինչ է նշանակում ՀՀ այսօրվա նախագահ` իր լիազորություններով և այլ կերպ չեմ էլ մտածում, թե ինչ լիազորություններ են պետք։
Ես ուղղակի մի փաստ արձանագրեմ, որ այսօրվա կառավարման համակարգը նախատեսում է այսպիսի նախագահ, և վերջ։ Պետք է բոլորս հարմարվենք դրան։ Եթե գտնում ենք, որ այդ համակարգում ինչ–որ մի տեղ հարցերը չեն լուծվում, պետք է կառավարությանը լրացուցիչ լիազորություն տրվի, ԱԺ–ին, ՍԴ–ին, նախագահին կամ պետական այլ ինստիտուտի, ապա դա պետք է կատարվի գործող կարգի համաձայն։
Ինչ վերաբերում է ընդհանրապես լիազորություններին, եթե այլ լիազորություններ լինեին, ուրեմն նախագահն էլ այլ մարդ կարող էր լինել։ Այն 3 նախագահները, որ եղել են ՀՀ–ում մինչև 2018թ–ը, պետության ամբողջ կառավարման պատասխանատուն էին, և այդպիսի լիազորություններ ունեին , և այդ նախագաներին ընտրում էր ՀՀ քաղաքացին` ուղղակի ընտրություններով։ Հիմա, այն նախագահը, որ այսօր կա, այդ լիազորությունները չունի, դրա փոխարեն կա վարչապետ և ԱԺ։ Այդ պատճառող էլ այս նախագահին ընտրում է ԱԺ–ն։
Ինչ վերաբերում է ընդհանրապես աշխատանքին, մի կարևոր հանգամանք կա` պատասխանատվության խնդիրը, թե մենք ինչ պատասխանատվությամբ ենք մոտենում այն աշխատանքին, որ կատարում ենք։ Կարևոր չէ` կլինի հաստոցի մոտ կանգնած բանվոր, թե խոհարար, կլինի լրագրող, թե պետական կամ բարձրաստիճան պաշտոնյա։ Եթե այս տեսակետից ենք նայում, արդեն կարծում եմ` ՀՀ նախագահի պաշտոնն էլ այնքան լիարժեք կլինի պարտականությունները կատարելու համար, որ նույնիսկ կարող է ժամանակն էլ չհերիքի։
– ՀՀ նախագահի լիազորություններն այսօր կատարող Ալեն Սիմոնյանը ասաց, որ ուռճացված է նախագահի աշխատակազմը։ Համաձա՞յն եք դրա հետ, պատրաստվո՞ւմ եք փոփոխություններ, կրճատումներ անել։
– Ես տեղյակ չեմ, որովհետև այդ շենք ես մի քանի անգամ մտել եմ` որպես հյուր։ Իսկ ինչ վերաբերում է ուռճացված լինել–չլինելուն, պետք է հասկանալ, թե այն աշխատանքները, որ նախատեսված են ՀՀ Սահմանադրությամբ ու այն լիազորությունները, որոնք տրված են ՀՀ նախագահին, ինչ ծավալի աշխատանք են պահանջում։ Ուռճացված կլինեն, համապատասխան որոշում կընդունենք, ուռճացված չեն լինի, էլի կընդունենք։ Ո՛չ ավել մարդիկ են պետք, ո՛չ էլ պակաս։
– Ի դեպ, հանրային միջոցների ծախսման հետ կապված, Արմեն Սարգսյանին շատ հաճախ քննադատում էին իր մեծ թվով գործուղումների համար։ Ապագայում ինչպե՞ս եք տեսնում Ձեր գործուղումների գրաֆիկը, և ո՞ր երկիր եք պատրաստվում առաջինը այցելել։
– Ես նորից ասեմ, որ որևէ ձևով պատրաստ չեմ այս պահին այդ դերում հանդես գալ։ Առաջ չեմ ընկել երբեք, միշտ սպասել եմ ժամանակին, երբ որ ստացվի։ Եթե ստացվի, այդ դեպքում, կարծում եմ, նաև ժամանակ կունենամ մտածելու` որտեղ, ինչ։
Գալով այցելություններին, նախորդ մտքի տրամաբանությամբ` կախված նրանից, թե ինչ նպատակ է հետապնդում, ինչ խնդիր է դրված և, ամենակարևորը, ինչքանով է դա համահունչ այն խնդիրներին, որ մենք մեր երկրում այսօր ունենք։ Ես չեմ էլ ուզի այսօր գնահատական տալ` շատ է գնացել, քիչ է գնացել։ Կախված է անհրաժեշտությունից, խնդիրներ կան, որոնց լուծման համար անհրաժեշտ է նաև շատ այցեր կատարել։ Բայց, իհարկե, դրանք ինքնանպատակ պիտի չլինեն։
– Վարչապետ Փաշինյանը Ձեզ ներկայացնելիս ասաց, որ ՀՀ նախագահը պետք է ներդաշնակ աշխատի կառավարության ու ԱԺ մեծամասնության հետ։ Այս համատեքստում Ձեր ընդդիմախոսները կարծում են, որ Դուք չեք հակադրվելու վարչապետին, կառավարությանը, ԱԺ մեծամասնությանը։ Որքանո՞վ եք պատրաստ հարկ եղած դեպքում հակադրվել իշխանություններին։
– Իսկ ո՞վ ասաց, որ ներդաշնակությունը հակադրության արդյունք չէ։ Բնության մեջ ո՞նց է լինում։ Բնության մեջ, եթե չկա դա, ներդաշնակություն չկա։ Տարբեր փորձեր են կատարվել։ Վերջինը, եթե չեմ սխալվում, ԱՄՆ–ում էր, երբ գայլերին փորձեցին արգելոցից հեռացնել, և այդ ներդաշնակությունն այնպես խառնվեց, որ գետի ջրերը բարձրացան, կենդանիների թիվը պակասեց։ Սա բնության օրինակ է, բայց պետական համակարգում էլ այդ ներդաշնակությունը հակասությունների, տարբեր կարծիքների միջոցով է ձեռք բերվում։ Բոլորին թվում է, թե կառավարությունում հիմա կարծիքների հակադրություն չկա, ոնց կարո՞ղ է տարբեր մարդիկ լինեն ու կարծիքները տարբեր չլինեն։
Շատ կարևոր է, ր մենք իրար լսելու ընդունակություն ունենանք, կարծիքներ փոխանակելու, հաշվի առնելու ընդունակություն, որի արդյունքում ծնվի որոշում, որը բոլորին ընկալելի, հասկանալի, ընդունելի լինի։ Սա կառավարման կարևորագույն աքսիոմաներից է։
Ես կարծում եմ, որ նախագահի կարևորագույն խնդիրներից մեկը նաև հասարակության մեջ այդ ներդաշնակությունն ապահովելն է։