Հայտնի է՝ որտեղ կարող է կայանալ Ուկրաինա–Հայաստան ֆուտբոլային հանդիպումը

Ուկրաինա-Հայաստան հանդիպումը նախատեսված է հունիսի 11-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Լեհաստանի ֆուտբոլային միության նախագահ Սեզարի Կուլեշան Ուկրաինայի ֆուտբոլային միությանն առաջարկել է Ուկրաինայի հավաքականի տնային հանդիպումներն անցկացնել Լեհաստանում։ Այս մասին Կուլեշան հայտնել է Twitter –ի իր էջում։
«Այսօր ես զրուցեցի իմ սիրելի ընկերոջ` UAF-ի նախագահ Անդրեյ Պավելկոյի հետ։ Լեհաստանի ֆուտբոլային միության անունից նրան առաջարկել եմ անհրաժեշտության դեպքում ուկրաինական հանդիպումները կազմակերպել Լեհաստանում։ Ուկրաինական կողմն ընդունեց մեր առաջարկը»,- գրել է Կուլեշան Twitter-ում։
Ավելի վաղ Ուկրաինայի Ֆուտբոլի ֆեդերացիան հաստատել էր, որ Ազգերի լիգայում Հայաստանի և Իռլանդիայի հավաքականների հետ հանդիպումները կանցկացվեն Լվովի «Արենա» մարզադաշտում:
Ուկրաինա–Հայաստան հանդիպումը նախատեսված է հունիսի 11-ին և պետք է մեկնարկի տեղի ժամանակով 21։45-ին։
Հիշեցնենք, որ Ազգերի Լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբում են ընդգրկվել Հայաստանի, Ուկրաինայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի հավաքականները։
Հավելենք, որ Ուկրաինայի հավաքականի տնային հանդիպումներն այլ երկիր տեղափոխելու անհրաժեշտությունն առաջացել է երկրում ստեղծված արտակարգ իրավիճակի պատճառով։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: