Վրաստանի վարչապետի հայտարարությունն առ այն, որ չի պլանավորում միանալ Ռուսաստանի դեմ Արևմուտքի տնտեսական և ֆինանսական պատժամիջոցներին, վկայում է ներկայիս գործընթացների ֆոնին Վրաստանի պրագմատիկ մոտեցման մասին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը։
Ըստ նրա` վրացական իշխանությունը մի կողմից ընդունում է պառլամենտական հայտարարություն ի աջակցություն Ուկրաինայի, բայց մյուս կողմից հրաժարվում է միանալ ՌԴ–ի դեմ ուղղված ֆինանսատնտեսական պատժամիջոցներին, քանի որ այդ ամենը չի բխում Վրաստանի պետական և ազգային շահերից, հետևաբար հարևան երկրի կառավարության դիրքորոշումն, ըստ վրացագետի, բավականին խելամիտ քայլ է։
«Բոլոր սահմանափակումներն ու պատժամիջոցները, որոնք մինչ օրս կիրառվել են Ռուսաստանի նկատմամբ, արդեն իսկ անուղղակիորեն ազդել են Վրաստանի վրա, մասնավորապես դեպի այդ երկիր զբոսաշրջիկների հոսքի, ՌԴ–ից եկող տրանսֆերտների և որոշ չափով նաև առևտրաշրջանառության ծավալների վրա, հետևաբար, լրացուցիչ բեռի ավելացումը սեփական քաղաքացիների վրա խելամիտ չէր լինի, թեև վրաց իշխանության դիրքորոշումը չի ընդունվում ընդդիմության կողմից, որն իր հերթին լարում է ներքաղաքական իրավիճակը»,– ասաց վրացագետը։
Մելիքյանի խոսքով` ընդդիմությունը պնդում է, թե Ղարիբաշվիլիի կառավարությունն անշնորհակալ է և ուրանում է ուկրաինական կողմի քայլը, որը 2008 թվականի իրադարձությունների ժամանակ աջակցել էր Վրաստանին։
Ըստ նրա` հանրահավաքի մասնակիցների մեծամասնությունը նախկին նախագահ Սաակաշվիլիի կողմնակիցներն են, նրան սպասարկող մամուլն ակտիվորեն միացել է ինֆորմացիոն պատերազմին` միակողմանիորեն լուսաբանելով այն ամենը, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, և, միևնույն ժամանակ, խստորեն քննադատում է Վրաստանի կառավարությանը։
«Վրաստանի ընդդիմությունն օգտագործում է առիթը, որպեսզի մարդկանց մոտ առաջացնի բողոքի ալիք, նրանց դուրս բերի փողոց` առաջ քաշելով իշխանափոխության իր օրակարգը, մինչդեռ իշխանությունն իր հերթին պետական օրակարգը մշակում է` ելնելով Վրաստանի շահերից»,– ասաց վրացագետը։
Մելիքյանը համոզմունք հայտնեց, որ ընդդիմությանը չի հաջողվի հասնել իշխանափոխության, վարչապետը շարունակաբար կապի մեջ է անվտանգության ծառայության ու արտաքին հետախուզության ներկայացուցիչների հետ, որոնք վստահեցնում են, որ Վրաստանի հետ կապված որևէ սպառնալիք չկա։
Ըստ նրա` մի կողմից ուկրաինական զարգացումները չեն կարող չմտահոգել Վրաստանին, մյուս կողմից էլ կա ներքաղաքական պայքար իշխանության համար, որտեղ ընդդիմությունը փորձում է օգտագործել նաև ուկրաինական ճգնաժամն ի շահ իր առաջնորդ Սաակաշվիլիի։
Այդուհանդերձ, Մելիքյանի գնահատմամբ, ընդդիմության ճնշումը որևէ ազդեցություն չի գործում և չի սահմանափակում Ղարիբաշվիլիի կառավարության գործունեությունը, որի նպատակն է լրացուցիչ լարվածություն չառաջացնել ռուս–վրացական հարաբերություններում։
Նշենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին փետրվարի 25-ին հայտարարել էր, թե հաշվի առնելով երկրի ազգային և ժողովրդի շահերը` չի պլանավորում միանալ Ռուսաստանի դեմ Արևմուտքի տնտեսական և ֆինանսական պատժամիջոցներին, որոնց սահմանումն, ըստ նրա, ավելի մեծ վնաս կհասցնի Վրաստանին և վրաց ժողովրդին։
Վրաստանի կառավարության ղեկավարը նաև ասել է, որ հիշյալ խնդրի առնչությամբ Ազգային անվտանգության խորհրդի և խորհրդարանի արտահերթ նիստեր անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում, ինչի արդյունքում Թբիլիսիում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել Վրաստանի վարչապետի հրաժարականի պահանջով՝ ուկրաինական հարցում պաշտոնական Թբիլիսիի դիրքորոշման պատճառով։