Արցախում ՊՈԱԿ-ի տնօրենը 26 միլիոն դրամից ավել գումար է հափշտակել

Արցախի ՊՈԱԿ–ներից մեկի տնօրենը կեղծ ձևակերպումներ է արել ու այլ խարդախությունների դիմել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հիմնադրած ՊՈԱԿ–ի տնօրենը 2011-2021թթ. ընկած ժամանակահատվածում իր մտերիմ անձանց ֆինանսապես օգնելու նպատակով նրանց ձևակերպել է ՊՈԱԿ–ի տարբեր հաստիքներում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի դատախազությունը` հավելելով, որ չնայած վերջիններս աշխատանքի չեն հաճախել, բայց կազմակերպության միջոցներից ստացել են 19 762 000 դրամ։
Նույն կազմակերպության տնօրենը մեկ անձի կես դրույքով աշխատանքի է ընդունել, իսկ մինչ այդ մեկ այլ անձի կեղծ ձևակերպումով 1 դրույքով է աշխատանքի ընդունել։ Տնօրենը կես դրույքով աշխատանքի ընդունված անձին տրամադրել է 1 դրույքով կեղծ ձևակերպման քարտն աշխատավարձ ստանալու համար, իսկ նրա` կես դրույքի համար նախատեսված գումարն ինքն է յուրացրել։ Այդպիսով, ՊՈԱԿ–ի տնօրենը հափշտակել է 4.4 մլն դրամ:
Նույնանման մեկ այլ արարքով կազմակերպության տնօրենը հափշտակել 839 447 դրամ գումար:
Հայտնի է, թե Արցախի որ նախարարն է մեղադրվում 6 մլն դրամի չարաշահման մեջ
Նույն անձը, կազմակերպության աշխատողների համար հագուստ ձեռք բերելու նպատակով բարեգործական կազմակերպության փոխանցած 1.5 մլն դրամը հափշտակելու նպատակով կեղծ տեղեկություններ է ներկայացրել նվիրատուին (իբրև թե գնել է ապրանքը), բայց կանխիկացրել ու հափշտակել է 1.5 մլն դրամ գումարը:
Արցախի քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել ՊՈԱԿ–ի տնօրենին ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում), 332-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք), 185-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում, որը կատարվել է զգալի չափով), 184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (խարդախություն, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով և խոշոր չափերով) :
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: