Զելենսկին դիմել է Պուտինին` առաջարկելով նստել բանակցությունների սեղանի շուրջ

Փետրվարի 25-ի առավոտվա դրությամբ շարքից հանվել է 118 ուկրաինական ռազմական օբյեկտ, Չեռնոբիլի ԱԷԿ-ը հսկողության տակ է վերցվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին նա հայտարարել է տեսաուղերձում, որը հրապարակվել է իր տելեգրամյան ալիքում։
«Ցանկանում եմ ևս մեկ անգամ դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահին։ Ուկրաինայի ողջ տարածքում մարտեր են ընթանում, եկեք նստենք բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի կանգնեցնենք մարդկանց մահը»,- ասել է նա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:
Պաշտպանության նախարարությունը հավելել է, որ ուկրաինացի սահմանապահները ոչ մի դիմադրություն ցույց չեն տալիս, մի շարք դեպքերում ուկրաինացի զինվորականները հանձնվում են և դրանից հետո հնարավորություն ունեն վերադառնալ իրենց ընտանիքների մոտ:
Ռուսաստանը չի պատրաստվում օկուպացնել Ուկրաինան. Լավրով
Փետրվարի 25-ի առավոտվա դրությամբ շարքից հանվել է 118 ուկրաինական ռազմական օբյեկտ, Չեռնոբիլի ԱԷԿ-ը հսկողության տակ է վերցվել։ Ուկրաինայի ՀՕՊ միջոցները ճնշվել են, ռազմական ավիաբազայի ռազմական ենթակառուցվածքը շարքից դուրս է բերվել, նշում է Պաշտպանության նախարարությունը:
Դատելով ուկրաինական սոցցանցերում և ԶԼՄ-ներում հրապարակված տեսանյութից՝ երկրի տարբեր շրջաններ, ներառյալ Կիևի շրջակայքը, ռուսական զորքերն արդեն վերահսկողության տակ են վերցրել: Ուկրաինայի տարածաշրջանների մանրամասն քարտեզը, որտեղ գործում են ռուս զինվորականները, պաշտոնապես դեռ չի հրապարակվել: