ՎՏԲ բանկի նկատմամբ կիրառված սահմանափակումները չեն ազդի ՀՀ–ի հաճախորդների վրա

VTB բանկ. Երևան. Արխիվային լուսանկար
Այդուհանդերձ, արտերկրում գտնվող հաճախորդներին խորհուրդ է տրվում միջոցները կանխիկացնել կամ վճարումներ կատարել այլ բանկերի քարտերով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. ՎՏԲ-Հայաստան բանկը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ռուսաստանյան ՎՏԲ բանկի նկատմամբ կիրառված սահմանափակումները չեն ազդի Հայաստանի մասնաճյուղի հաճախորդների միջոցների անվտանգության և հասանելիության վրա։

«Բոլոր հաշիվներն ակտիվ են և հաճախորդների միջոցները հասանելի են ինչպես բանկի մասնաճյուղերում, այնպես էլ հեռահար սպասարկման տարբերակով: Դրանք կարելի է ամբողջությամբ օգտագործել Հայաստանի տարածքում ազգային արժույթով բոլոր գործարքներն իրականացնելու համար։ Բանկը կատարում է հաճախորդների նկատմամբ իր պարտավորությունները»,– ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ բանկի հաճախորդները կարող են իրենց միջոցները կանխիկացնել Հայաստանի ամբողջ տարածքում տեղակայված ցանկացած բանկոմատներից` ինչպես ՎՏԲ–ի, այնպես էլ այլ գործընկեր-բանկերի:
Իսկ արտերկրում գտնվող հաճախորդներին խորհուրդ է տրվում միջոցները կանխիկացնել կամ վճարումներ կատարել այլ բանկերի քարտերով:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դրանից հետո հայտարարեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին։
Փետրվարի 24–ին ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ սահմանեց ռուսական մի քանի բանկերի դեմ։ Դրանք ազդել են «Սբերբանկի», «Գազպրոմբանկի», «Օտկրիտիեի», «Նովիկոմբանկի» և «Սովկոմբանկի» վրա:
Պատժամիջոցների մասին են հայտարարել նաև Կանադան և Մեծ Բրիտանիան։