ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Ռոսավիացիան բրիտանական իշխանություններին ծանուցում է ուղարկել օդային հաղորդակցության մասին համաձայնագրի դրույթները պահպանելու անհրաժեշտության մասին ՝ զգուշացնելով, որ «Աերոֆլոտի» դեմ պատժամիջոցներից հետո Ռուսաստանը կարող է հայելային միջոցներ կիրառել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Երեկ` փետրվարի 24–ին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել է, որ Ուկրաինայի իրադրության պատճառով Լոնդոնն արգելում է «Աերոֆլոտի» գործունեությունը Միացյալ Թագավորությունում, ինչպես նաև պատժամիջոցներ է սահմանում ռուսական ռազմարդյունաբերական մի շարք ձեռնարկությունների դեմ:
«Մեծ Բրիտանիայի ավիացիոն իշխանություններին ծանուցագիր է ուղարկվել օդային հաղորդակցության մասին համաձայնագրի դրույթների պահպանման անհրաժեշտության մասին։ Ռուսական կողմը պահպանում է հայելային միջոցների կիրառման իրավունքը՝ համաձայն միջկառավարական հայտարարության դրույթների՝ նպատակ ունենալով պահպանել հավասարության սկզբունքը և հավասար իրավունքներ ապահովել ավիաընկերությունների համար»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ռոսավիացիայում նշել են, որ միայն փետրվարի 25–ին բրիտանական ավիաընկերությունները Ռուսաստանի օդային տարածքում պետք է կատարեն 70 տարանցիկ չվերթ, ինչպես նաև երկու չվերթ Լոնդոն-Մոսկվա երթուղով:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին: Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ արյունահեղության ողջ պատասխանատվությունը կրելու է Ուկրաինայում իշխող ռեժիմը: Նա կոչ արեց ուկրաինացի զինվորականներին չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքը և գնալ տուն:
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:
Նախարարությունից վստահեցրին, որ քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում։