Ռուսաստանում մասնակի կսահմանափակվի Facebook–ի հասանելիությունը

Սահմանափակումներն իրականացնելու է «Ռոսկոմնադզորը»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի Դաշնությունում փետրվարի 25-ից մասնակի կսահմանափակվի Facebook-ի հասանելիությունը:
Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով «Ռոսկոմնադզորին»:
«Գլխավոր դատախազությունը, ԱԳՆ-ի հետ համաձայնեցմամբ, որոշում է ընդունել Facebook սոցիալական ցանցը ճանաչել որպես մասնակից մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների, ինչպես նաև Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների և ազատությունների խախտմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նախօրեին, Facebook-ը 90 օրով սահմանափակումներ էր մտցրել ՌԻԱ Նովոստիի էջում իբր կեղծ տեղեկատվություն տարածելու համար: «Ռոսիա սեգոդնյայի» մամուլի ծառայությունը դա անվանել է խոսքի ազատության աղաղակող խախտում: Բացի այդ, մեկ օրում գրաքննության են ենթարկվել ռուսական 4 ԶԼՄ–ի` «Զվեզդա»–ի, ՌԻԱ Նովոստիի, «Լենտա»-ի և «Գազետա»–ի նյութերը։
Ինչպես նշել են ՌԴ գլխավոր դատախազությունում՝ այդպիսով հակառուսական պատժամիջոցների սահմանման պատճառով Facebook-ը անօրինական կերպով սահմանափակել է հասարակական նշանակության տեղեկատվության տարածումը և դրանով իսկ խախտել Ռուսաստանի քաղաքացիների՝ ցանկացած օրինական եղանակով ազատորեն տեղեկություն որոնելու, ստանալու, փոխանցելու և տարածելու իրավունքը։
Facebook-ը կընդգրկվի «Ռոսկոմնադզորի» համապատասխան ցուցակում։ Եթե սոցցանցը չվերացնի խախտումները, ապա դրա հասանելիությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն կսահմանափակվի։