ՌԴ–ի առավելագույն նպատակն է, որ Ուկրաինան իր համար դառնա բարեկամական երկիր, թեկուզ ոչ իր կազմում, բայց իր կողմից վերահսկվող ադմինիստրացիայով, որպեսզի Ուկրաինայի տարածքում դե–յուրե լինի պրոռուսական իշխանություն։ Ապազգայնականացումը հենց այդ նպատակն ունի։ Այսպես է կարծում ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը։
«Ճշմարտությունն այն է, որ Ուկրաինայում նացիստական տարրեր զգալի չափով իսկապես կային, որոնք վարում էին հակառուսական քաղաքականություն։ Ուկրաինայի ապառազմականացման նպատակն այն է, որ այդ երկիրը դադարի սպառնալիք լինել Ռուսաստանի ու նրա դաշնակիցների համար»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետը։
Հակոբյանի կարծիքով` միացյալ Արևմուտքն իր հերթին նույնպես սպառնալիքներ էր ստեղծում Ռուսաստանի համար և այդ հարցում բոլոր փորձագետները միակամ են, այսինքն` ՆԱՏՕ–ի բազաներն ու հարվածային զենքերն արդեն սպառնում էին ՌԴ–ի կենսական կենտրոններին, թռիչքային հեռավորությունն այնքան էր կրճատվում, որ մեկ հաջող հրթիռային համազարկով հնարավոր կլիներ շարքից հանել ամեն ինչ։
«Պլան–մինիմումն էլ ենթադրաբար այն է, որպեսզի ռուսական վերահսկողության տակ անցնի Դնեպրի ձախ ափը` Կիևի հետ միասին, ինչպես նաև Ուկրաինայի հարավ–արևմտյան հատվածը։ Ամենավերջին տարբերակի համաձայն` Ուկրաինային պետք է մնար Լվովի հատվածը, որտեղ հունգարալեհական, ռումինական տարրերը բավականին շատ են, հետևաբար մեծ գլխացավանք են Ռուսաստանի համար։ Եթե ռազմավարական առումով լինի ընտրություն, ապա ռուսները կփորձեն վերջնականապես արմատախիլ անել ազգայնական դրսևորումները, որպեսզի հետագայում խնդիրներ չունենան և նոր պատերազմի դուռ բաց չթողնեն»,–ասաց ռազմական փորձագետը։
Անդրադառնալով այն հարցին, թե որքան ժամանակ է պետք Ռուսաստանին իր նպատակին հասնելու համար, Հակոբյանն ընդգծեց, որ մոտ 10 օրից ակտիվ գործողությունները կավարտվեն, քանզի ակնհայտ է, որ լայնամասշտաբ և կոնվենցիոնալ իմաստով դասական պատերազմ չի ընթանա։ Վերջին տարիներին պաշտոնական Կիևը Ռուսաստանի նկատմամբ իրեն պահում էր շատ գրգռիչ, իհարկե բոլորն ունեն իրենց շահերը, բայց նման վարքագիծն իսկապես անընդունելի էր։ Ըստ նրա`Ուկրաինայում պարզապես գերագնահատվեց Արևմուտքի գործոնը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ արյունահեղության ողջ պատասխանատվությունը կրելու է Ուկրաինայում իշխող ռեժիմը: Նա կոչ արեց ուկրաինացի զինվորականներին չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքը և գնալ տուն:
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:
Նախարարությունից վստահեցրին, որ քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում։