ՌԴ-ն Հայաստանի ու ևս 15 երկրի հետ ավիաչվերթերի քանակը կավելացնի

ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան վարչապետ Միխայիլ Միշուստինի կարգադրությամբ երկրի տարածք կորոնավիրուսային նոր վարակի ներմուծումը և տարածումը կանխարգելելու հարցերով օպերատիվ շտաբի նիստ է անցկացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Մարտի 14-ից Ռուսաստանը 16 երկրների, այդ թվում Հայաստանի հետ ավելացնում է ավիաչվերթերի քանակը, հայտնումէ ՌԻԱ Նովոստին` հղում անելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբին։
Մասնավորապես, Մոսկվա–Երևան երթուղով ավիաչվերթերի քանակը շաբաթական 6-ից դառնալու է մինչև 14 ավիաչվերթ, իսկ Ռուսաստանի այն կետերից, որտեղից վերսկսվել են միջազգային թռիչքները, դեպի Հայաստան շաբաթական 1-ից մինչև 2 չվերթ յուրաքանչյուր երթուղով։
Հայաստանից բացի ավիաչվերթերի ավելացում է սպասվում Ադրբեջանի, Բահրեյնի, Վիետնամի, Հնդկաստանի, Իրաքի, Իրանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մալդիվների, Մոնղոլիայի, Սաուդյան Արաբիայի, Սերբիայի, Տաջիկստանի, Թաիլանդի, Ուզբեկստանի հետ։