ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ազգայնական տարրերն Ուկրաինայում հրահրում են ուկրաինացի զինվորականներին ու որպես պատնեշային ջոկատներ են հանդես գալիս: Այս խոսքերն ասվել են փետրվարի 25-ին Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ. քննարկվում էր Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ազգայնական տարրերը, որոնք ներդրվել են ուկրաինական կանոնավոր զորամասերի կազմում, ոչ միայն հրահրում են նրանց զինված դիմադրություն ցուցաբերել, այլև, ըստ էության, պատնեշային ջոկատների դեր են խաղում», - ասել է Պուտինը:
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայում բանդերականներն ու նեոնացիստները ծանր սպառազինություն են տեղակայում, այդ թվում համազարկային կրակի համակարգեր, խոշոր քաղաքների կենտրոնական շրջաններում:
«Թույլ մի տվեք բանդերականներին և նեոնացիստներին ձեր երեխաներին, կանանց և ծերերին որպես կենդանի վահան օգտագործել։ Իշխանությունը ձեր ձեռքը վերցրեք, կարծես թե մեզ համար ձեզ հետ ավելի հեշտ կլինի պայմանավորվել», - ասել է ՌԴ նախագահը ավելացնելով, որ մտադիր չէ պայմանավորվել «նեոնացիստների հրոսակախմբի» հետ։
Պուտինն ավելացրել է, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին մասնակցում են օտարերկրյա, այդ թվում՝ ամերիկացի խորհրդականները:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:
Փետրվարի 25-ի առավոտվա դրությամբ շարքից հանվել է 118 ուկրաինական ռազմական օբյեկտ, Չեռնոբիլի ԱԷԿ-ը հսկողության տակ է վերցվել։ Ուկրաինայի ՀՕՊ միջոցները ճնշվել են, ռազմական ավիաբազայի ռազմական ենթակառուցվածքը շարքից դուրս է բերվել, նշում է Պաշտպանության նախարարությունը: