Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ նախագահի և արտգործնախարարի դեմ

Բորիս Ջոնսոն. Արխիվային լուսանկար
Նրա խոսքով` Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորում այս գործողություններից հետո լինել չի կարող։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Մեծ Բրիտանիան առաջիկայում պատժամիջոցներ կկիրառի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի դեմ, այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` մեջբերելով ՆԱՏՕ–ի երկրների առաջնորդների և Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի զրույցից հետո Դաունինգ–սթրիթի տարածած հաղորդագրությունը։
«Մեծ Բրիտանիան երեկ հայտարարած պատժամիջոցների փաթեթին որպես լրացում առաջիկայում պատժամիջոցներ կկիրառի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի դեմ», – նշված է հաղորդագրության մեջ։
Ջոնսոնը հավելել է, որ աշխարհը պետք է համոզված լինի, որ «նախագահ Պուտինը անհաջողություն կկրի ագրեսիայի այս գործողության մեջ»։ Նրա խոսքով` «Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորում այս գործողություններից հետո լինել չի կարող», նշել է Դաունինգ–սթրիթն իր հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ Մեծ Բրիտանիան փետրվարի 24-ին նոր պատժամիջոցներ է մտցրել Ռուսաստանի դեմ՝ Դոնբասում հատուկ գործողության պատճառով։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: