ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Կիևն Անկարային պաշտոնապես խնդրել է սահմանափակել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով ՌԴ ռազմանավերի անցումը։ Տեղեկությունը հաստատել են Թուրքիայի ԱԳՆ–ից, հաղորդում է hurriyet–ը։
Հայտնել էինք, որ Անկարայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոնդարը հայտարարել էր, որ Կիևն Անկարայից պահանջում է փակել նեղուցները ռուսական նավերի համար, պատրաստ են համապատասխան ապացույցներ ներկայացնել, որ Ռուսաստանը հարձակվել է ուկրաինական տարածքի վրա։
«Մինչ օրս Թուրքիան անվերապահորեն կատարել է Մոնտրեի կոնվենցիան։ Պատերազմում, որտեղ Թուրքիան կողմերից մեկը չէ, կարող են միջոցներ ձեռնարկվել դրան մասնակցող երկրների նկատմամբ։ Թուրքիան կարող է սահմանափակել նեղուցներով ռազմանավերի անցումը։ Սակայն Մոնտրեի կոնվենցիան նաեւ նախատեսում է, որ պատերազմին մասնակցող երկրների նավերը կարող են վերադառնալ իրենց բազաներ, և դա նրանց պետք է թույլատրվի», - Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի խոսքը մեջբերում է թերթը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ արյունահեղության ողջ պատասխանատվությունը կրելու է Ուկրաինայում իշխող ռեժիմը: Նա կոչ արեց ուկրաինացի զինվորականներին չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքը և գնալ տուն:
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:
Նախարարությունից վստահեցրին, որ քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում։