ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությունը շարունակվում է։ Ստեղծված իրավիճակի մասին տեղեկությունները ստացվում են տարբեր աղբյուրներից, ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական։ Եվ այս ֆոնին քիչ չեն նրանք, ովքեր ապատեղեկատվություն են տարածում և մոլորության մեջ են գցում հանրությանը։ «Война с фейками» Telegram - ալիքը տեղեկություն է հավաքել Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին ամենաաղաղակող ֆեյքերի մասին: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը։
Ամենատարբեր Telegram-ալիքները տարածում են «Նիժնի Նովգորոդից ռուս գերու» մասին տեսանյութը։ Ուկրաինայի զինված ուժերը իբր գերել են նրան։
«Մարդու վրա ՌԴ զինված ուժերի հաստիքային գույներով բաճկոն է գցած, դրա վրայից հանվել է համազգեստի նշումների մի մասը։ Ընդ որում, տվյալ բաճկոնի տակ «ռազմագերու» հագին կանոնադրական կիտել է և Ուկրաինայի ԶՈւ տաբատ՝ «Դուբոկ» գույներով։ «Գերիների» հետ երկխոսության մեջ ֆրիկատիվ բաղաձայները վկայում են այն մասին, որ, ամենայն հավանականությամբ, նա Նիժնի Նովգորոդի բնակիչ չէ, այլ միանգամայն կարող է Ուկրաինայի բնակիչ լինել», - գրում է «Война с фейками» ալիքը՝ նշելով, որ, ամենայն հավանականությամբ, դա բեմադրված տեսանյութ է:
Եվս մեկ ֆեյք տարածել է Nexta տելեգրամ-ալիքը ռուսական օդուժի կողմից Ուկրաինայում «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կիրառման մասին: Հաղորդագրությանը կցված է նաև տեսանյութ, որում պատկերված է «գնդակոծությունը»։ Իրականում տեսանյութը հին է ու արվել է ռուսական զինված ուժերի զորավարժությունների ժամանակ դեռ 2021 թվականին։
Ավելի վաղ սարսափելի տեղեկատվություն էր տարածել ուկրաինացի բլոգեր մի աղջիկ, որի մայրը զոհվել էր կրակոցներից։ Աղջիկը ցույց է տալիս մոր ու նրանց փրկած զինվորականի մահվան վայրը՝ վերջինիս որպես ուկրաինացի ներկայացնելով։
Իրականում կանանց փրկելով՝ զոհվել է Ռուսաստանի զինված ուժերի զինծառայողը, նրա մարմնին բացի ռուսական կամուֆլյաժից ու հանդերձանքից՝ Գեորգիևյան ժապավեն կա (դրա կրումն Ուկրաինայում պատժվում է – խմբ.):
Եվս մեկ սրտաճմլիկ տեսանյութ տարածվել է Twitter-ում։ Մասնավորապես, բրիտանական The Times-ի ռազմական խմբագիր Լարիսա Բրաունը տեսանյութ է հրապարակել, որում ուկրաինացին հրաժեշտ է տալիս ընտանիքին, սակայն «մոռացել է» նշել, որ ընտանիքը պատերազմի սարսափներից Ռուսաստան է փախչում:
Եթե հետևենք դրա տարածման պատմությանը, տպավորություն է ստեղծվում, որ ընտանիքի հայրը մարտական գործողությունների է մեկնում։ Սակայն իրականում տեսանյութը նկարահանվել է փետրվարի 21-ին Գորլովկայում՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում:
Ռուսաստանի կողմից Մարիուպոլի զանգվածային հրետակոծության տեսանյութը նույնպես բուռն արձագանք է առաջացրել, այն դիտել է Tik-Tok-ի ավելի քան 4 միլիոն օգտատեր: Սակայն, ինչպես պարզվեց, այն կեղծ է։
Տեսանյութը 2015 թվականի է։
Բոլորովին վերջերս համացանցում ևս մեկ սադրիչ տեղեկատվություն է հայտնվել։ «Реальна война» տելեգրամ-ալիքը գրել է, որ ռուսական զորքերի վերահսկողության տակ գտնվող Չեռնոբիլի ԱԷԿ-ում ռադիացիոն ֆոնը բարձրացել է։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն արդեն հայտարարել է, որ ռադիացիոն ֆոնը նորմալ է։ Սա հաստատում է Բուլղարիայի գերատեսչական կայքը, որը միացված է ամբողջ Եվրոպայում ռադիացիոն ֆոնի մոնիտորինգի համակարգին։ Շրջակա միջավայրի նախարարությունը ճառագայթման գերազանցում չի արձանագրել, բայց ուկրաինացի էկոակտիվիստները շարունակում են հակառակը պնդել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: