Ինչպե՞ս եք ձեզ պաշտպանելու. Զելենսկին քննադատել է եվրոպացի գործընկերներին

Զելենսկին Եվրոպայի բնակիչներին նույնպես կոչ է արել փողոց դուրս գալ և պահանջել կանգնեցնել պատերազմը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթական տեսաուղերձում քննադատել է եվրոպացի գործընկերներին ոչ բավարար կերպով օպերատիվ օգնություն տրամադրելու հարցում։

«Մենք չենք տեսնում, թե ինչպես եք հետագայում ձեզ պաշտպանելու, եթե Ուկրաինային այսքան դանդաղ եք աջակցում»,–ասել է Զելենսկին։

Ուղերձը, հավանաբար, ձայնագրություն է, քանի որ սկզբում երևում են մոնտաժված հատվածներ։
Զելենսկին նշել է, որ չնայած Ռուսաստանի դեմ արդեն իսկ պատժամիջոցներ են սահմանվել, սակայն դրանք բավարար չեն։ Նա կոչ է արել ՌԴ-ին դուրս թողել SWIFT համակարգից, իսկ ՌԴ–ում գտնվող տարբեր երկրների հյուպատոսներին հետ կանչել։
Զելենսկին կոչ է արել նաև Եվրոպայի բնակիչներին փողոց դուրս գալ և պահանջել կանգնեցնել պատերազմը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Հարկադրված միջոց է. Պուտինը` Ուկրաինայի դեմ ռազմական գործողության մասին
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:
Նախարարությունից վստահեցրին, որ քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում։