ՀՀ ներկրվող էլեկտրական շարժիչով մեքենաների թիվն էականորեն ավելացել է

Եթե 2017-2019թթ․ ներկրվել է ընդամենը 42 էլեկտրամոբիլ, ապա 2021 թվականին նման 6645 տրանսպորտային միջոց է բերվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. ՀՀ ներկրվող էլեկտրական շարժիչով մեքենաների թիվն աճել է. 2021 թվականին մեր երկիր է ներկրվել նման 6645 տրանսպորտային միջոց` 2020 թվականի 2155-ի դիմաց։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը` Facebook–ի էջում գրառում անելով։
Նշվում է, որ շրջակա միջավայրի աղտոտումը նվազեցնելու, արտանետվող գազերի քանակը կրճատելու և էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցների օգտագործումը խթանելու նպատակով ՀՀ–ն վարում է էլեկտրամոբիլների զարգացմանն ուղղված քաղաքականություն։
Պահանջարկը մեծանում է, բայց ենթակառուցվածքները դեռ պատրաստ չեն էլեկտրամոբիլների մեծ ծավալի
Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակվել և 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել է օրենք, համաձայն որի` մինչև 2024 թվականի հունվարի 1-ը երկարաձգվել է բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծման և (կամ) օտարման համար գործող ԱԱՀ-ից ազատման արտոնության ժամկետը:

«Վարվող քաղաքականության արդյունքում վերջին տարիներին մեծ հետաքրքրություն է առաջացել էլեկտրամոբիլների նկատմամբ, շեշտակի ավելացել են ներկրումն ու շահագործումը ՀՀ–ում։ Մինչև արտոնության սահմանումը, 2017-2019թթ․ ներկրվել է ընդամենը 42 էլեկտրամոբիլ»,–նշված է գրառման մեջ։

Ներկայում հանրապետության ողջ տարածքում առկա է մոտ 90 գործող լիցքավորման կայան` http://www.plugshare.com։