ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. ԵՄ–ն որոշել է պատժամիջոցներ կիրառել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի դեմ։ Այս մասին այսօր Բրյուսելում միության 27 երկրների արտգործնախարարների արտգործնախարարների արտակարգ նիստից հետո հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է ԵՄ դիվանագիտական առաքելության ղեկավար Ժոզեպ Բորելը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Այսօր պատժամիջոցների ցանկում ներառեցինք նախագահ Պուտինին և արտգործնախարար Լավրովին», – ասել է նա, տեղեկացնելով, որ ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ անհատական և տնտեսական պատժամիջոցների երկրորդ փաթեթին։
Նոր պատժամիջոցների բոլոր տարբերակները, այդ թվում SWIFT համակարգից Ռուսաստանին անջատելը, սեղանի վրա են մնում, ասել է Բորելը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: