ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. ՆԱՏՕ–ն և ԵՄ–ն ավելի վճռական քայլեր պետք է անեն, անվերջ խորհուրդներ տալը ոչ մի արդյունք չի տա։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում ԵՄ-ի այս պահի դիրքորոշումը Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության վերաբերյալ։ Լրագրողների հետ զրույցի տեսագրությունը հրապարակել է թուրքական պետական «Անադօլու» լրատվական գործակալությունը։
«Այս պահին ԵՄ–ն և արևմտյան մյուս հեղինակությունները, ցավոք, ոչ մի լուրջ, վճռական դիրքորոշում չեն ցուցաբերել։ Բոլորը միայն ճոխ խորհուրդներ են տալիս Ուկրաինային։ ՆԱՏՕ գագաթնաժողովում խոսելու ենք այն մասին, թե ինչ քայլեր ենք անելու։ Մինչ այժմ անվերջ խորհուրդներ տվող Արևմուտքը դեռ շարունակում է խորհուրդներ տալ։ Հուսով եմ` այսօրվա ՆԱՏՕ գագաթնաժողովն ավելի վճռական դիրքորոշում ներկայացնելու համար կլինի, թե չէ, ստացվում է Զելենսկու ասածով` միայն խորհուրդներ են տալիս, չեն օգնում»,– լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի նախագահը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ին Ռուսաստանի` Դոնբասում սկսած հատուկ գործողությանն արձագանքելով` Թուրքիայից հայտարարեցին, որ չեն ընդունում ու մերժում են Ռուսաստանի գործողությունները և կոչ էին արել կողմերին Մինսկի համաձայնությունների շրջանակներում երկխոսել։