Ուկրաինան փակել է իր օդային տարածքը քաղաքացիական ինքնաթիռների համար

Արգելքը չի տարածվում պետական ավիացիայի ինքնաթիռների վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի օդային տարածքը փակ է քաղաքացիական ինքնաթիռների համար՝ ռազմական տեխնիկայի կիրառման հետ կապված անվտանգության սպառնալիքի պատճառով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ ՌԴ և Ուկրաինայի քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։ Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Նա հավելել է, որ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի 7-րդ մասի, Դաշնային ժողովի կողմից վավերացված ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հետ բարեկամության և փոխօգնության պայմանագրերի, Դաշնային խորհրդի համաձայնությամբ, որոշել է հատուկ ռազմական գործողություն իրականացնել։
Պուտինն ասել է, որ արյունահեղության ողջ պատասխանատվությունը կրելու է Ուկրաինայի իշխող ռեժիմը։ Պուտինը ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
Իրավիճակը Դոնբասում վերջին օրերին սրվել էր, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարել էին Ուկրաինայի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին։ Երկու հանրապետությունների ղեկավարները հայտարարեցին նաև քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռոստովի մարզ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։
Ռուսաստանն Ուկրաինայից տարհանում է դեսպանատան անձնակազմին. ՌԴ ԱԳՆ
Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:
Նա հայտարարեց, որ Արևմուտքը շանտաժի է ենթարկում Ռուսաստանին՝ սպառնալով պատժամիջոցներով, սակայն դրանց համար առիթ միշտ էլ կգտնվի կամ կհնարվի։
Կոչից անմիջապես հետո ՌԴ նախագահը Կրեմլում ստորագրեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչման մասին հրամանագրերը։
Փետրվարի 22–ի ուշ երեկոյան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոսեց այն պատժամիջոցների մասին, որոնք ստեղծված իրավիճակում կսահմանվեն Ռուսաստանի նկատմամբ։