ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան կոչ է արել զենք մատակարարել Կիևին. նա թվիթերյան իր էջում է նման գրառում արել` անդրադառնալով արագ զարգացող դեպքերին։
«Որոշվում է Եվրոպայի և աշխարհի ապագան։ Կոչ եմ անում Ուկրաինային ֆինանսական և հումանիտար օգնություն տրամադրել»,–գրել է նա Twitter-ում։
Մասնավորապես, նա կոչ է արել անհապաղ «ավերիչ» պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, զրկել SWIFT-ից` Համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցությունից։
Կուլեբան հայտարարել է նաև բոլոր ձևաչափերում Ռուսաստանի լիակատար մեկուսացման անհրաժեշտության մասին:
Մեկ այլ գրառմամաբ էլ նա հայտնել է, որ աշխարհը կարող է և պետք է կանգնեցնի Պուտինին։
Հիշեցնենք` իրադրությունը Դոնբասում սրվել է փետրվարի 17-ին։ Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:
Վլադիմիր Պուտինը փետրվարի 24–ին հայտարարեց, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։