Թույլ չենք տա մեր տարածքով անցնել ու հարվածել ռուսներին. Լուկաշենկո

Նա նշել է, որ Լեհաստանում և Բալթյան երկրներում՝ բելառուսական սահմանների երկայնքով, արագորեն աճում է ՆԱՏՕ-ի ռազմական ներուժը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն զինվորականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Արևմուտքը Լեհաստանից ու Լիտվայից Ռուսաստանին հարվածելու ծրագիր է մշակել, իսկ Մինսկը մշակել է դրա պատասխանը:
Լուկաշենկոն նշել է, որ բելառուս զինվորականները հետևում են երկրի շուրջ ստեղծված իրավիճակին և գիտեն ամեն ինչ՝ տանկից մինչև հետևակային զրահամեքենա, տեսնում են, թե որտեղ են տեղակայվում զինվորներն ու սպաները։ Առաջնային տեղեկատվության համաձայն՝ Լեհաստանում և Լիտվայում ստեղծվել են խմբավորումներ, որպեսզի «երբ Ուկրաինայի հետ հակամարտություն սկսվի, հարվածեն, օդային էշելոնով անցնեն Բելառուսի տարածքով ու ցամաքային ճանապարհով և թիկունքից հարվածեն ռուսական խմբավորմանը»։
«Այն ժամանակ ես նրանց նախազգուշացրի՝ մենք դավաճան չենք լինի և ձեզ թույլ չենք տա կրակել ռուս մարդկանց թիկունքին»,-ասել է Բելառուսի առաջնորդը։
Լուկաշենկոն նշել է, որ երկրի հարավային սահմանները հուսալի են, այստեղ սպառնալիք կարող են ներկայացնել միայն դիվերսանտները, ուստի գլխավորը ՆԱՏՕ-ի՝ Լեհաստանի և Լիտվայի հետ սահմանների պաշտպանությունն է:
Նախագահը նշել է, որ Լեհաստանում և Բալթյան երկրներում՝ բելառուսական սահմանների երկայնքով, արագորեն աճում է ՆԱՏՕ-ի ռազմական ներուժը: Ավելի վաղ Լուկաշենկոն հանձնարարել էր պատասխան միջոցներ մշակել «մտնելով Բելառուս՝ հարձակվել Ռուսաստանի վրա» կարգի մանևրի դեպքում:
Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառը ՆԱՏՕ–ի սադրանքներն են. Իրանի արտգործնախարար
«Ահա իմ առաջ քարտեզն է, որ Գլխավոր շտաբը մշակել է գիշերվա ընթացքում,-ասել է պետության ղեկավար,-առավոտյան Պուտինի հետ զրուցելիս ես նշել եմ դա։ Ես ասում եմ․ «Մենք տեսնում ենք այդ ուղղությունը։ Մենք լավ ենք հասկանում, թե ինչ է այնտեղ կատարվում։ Ուստի մենք պետք է փակենք այն, որպեսզի իսկապես դանակ չխրեն մեր թիկունքին»։
Հիշեցնենք` իրադրությունը Դոնբասում սրվել է փետրվարի 17-ին։ Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:
Վլադիմիր Պուտինը փետրվարի 24–ին հայտարարեց, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։