ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, օդային կամ հրետանային հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ ՊՆ-ից։
«Գերճշգրիտ սպառազինության միջոցներով շարքից դուրս են բերվում Ուկրաինայի զինված ուժերի ավիացիան, ռազմական ենթակառուցվածքները, հակաօդային պաշտպանության օբյեկտները, ռազմական օդանավերը», - նշում է գործակալությունը։
ՌԴ ՊՆ-ն վստահեցնում է, որ խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում։
Իրավիճակը Դոնբասում վերջին օրերին սրվել էր, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարել էին Ուկրաինայի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին։ Երկու հանրապետությունների ղեկավարները հայտարարեցին նաև քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռոստովի մարզ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։
Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:
Նա հայտարարեց, որ Արևմուտքը շանտաժի է ենթարկում Ռուսաստանին՝ սպառնալով պատժամիջոցներով, սակայն դրանց համար առիթ միշտ էլ կգտնվի կամ կհնարվի։
Կոչից անմիջապես հետո ՌԴ նախագահը Կրեմլում ստորագրեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչման մասին հրամանագրերը։
Փետրվարի 22–ի ուշ երեկոյան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոսեց այն պատժամիջոցների մասին, որոնք ստեղծված իրավիճակում կսահմանվեն Ռուսաստանի նկատմամբ։
Վլադիմիր Պուտինը փետրվարի 24–ին հայտարարեց, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։