ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի ապառազմականացման ՌԴ հատուկ գործողության ժամկետը կորոշվի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից և կախված կլինի դրա արդյունավետությունից, նպատակահարմարությունից:
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Մեկնաբանելով գործողության նպատակը՝ Պեսկովը հայտարարել է, որ դա Ուկրաինայի ապաազգայնականացումն է, ինչպես նաև Կիևի ռազմական ներուժի չեզոքացումը։
«Այն ենթադրում է, որ իրականում պետք է ազատագրել Ուկրաինան նացիստներից, ինչպես նաև պրոնացիստական տրամադրվածություն ունեցող մարդկանցից և գաղափարախոսությունից»,- ասել է Պեսկովը՝ լրագրողների համար բացատրելով «ապաազգայնականացում» տերմինը:
Նա հավելել է, որ գործողությունը, որն իրականացնում է Ռուսաստանը, ունի իր նպատակները, և դրանց պետք է հասնեն:
«Բոլոր որոշումները ընդունված են և նպատակները կիրականացվեն»,- ասել է Պեսկովը:
Ընդ որում, նա հնարավոր է համարել, որ Պուտինի և Զելենսկու բանակցությունները հնարավոր են, եթե Ուկրաինան պատրաստ լինի խոսել անվտանգության ոլորտում Մոսկվայի մտահոգությունների մասին:
Փետրվարի 24-ին, վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին: Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա հայտարարել է, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ. Դոնբասի ժողովրդական հանրապետությունները դիմել են Ռուսաստանին` օգնության խնդրանքով:
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ արյունահեղության ողջ պատասխանատվությունը լինելու է Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա: Նա կոչ է արել ուկրաինացի զինվորականներին չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքը և գնալ տուն:
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծել է, որ Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայի քաղաքներին հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարվածներ չեն հասցնում, ու որ քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում։